Վատ է, երբ երկրում ՇՆՈՐՀՔԸ ստիպված է բռնել կամ հարբեցողության, կամ արտագաղթի ճանապարհը, վատ է, երբ երկրում ամենակառուցողական էներգիան ԷՎՈԼՅՈՒՑԻԱ ծնելու փոխարեն քայքայման, ավերման, ինվոլյուցիայի ու ստրեսածին կլիմա է տարածում: Երբ երկիրը վիրավորել է իր քաղաքացուն մինչև հոգու խորքը, ու նա ստիպված է փողոց դուրս գալ՝ արտահայտելու իր բողոքն ու ցասումը անհայտ իրավիճակում և անհայտ ապագայով: Վատ է, երբ որոշող պոստերում հղփացած անհատներ սովոր են հերքել իրենցից առավել որևէ խելքի առկայություն: Վատ է, երբ քողարկվում է թուլամտությունն ու անփորձությունը, երբ մրցավազքը կարևորի փոխարեն անկարևորի հետևից է, երբ դաշինքը կնքվել է սատանայի ու ոչ թե ԱՍՏԾՈՒ հետ ու աստված ոչ թե սեփական խիղճն է, այլ մենաշնորհ դիրքերում ու ճղճիմ պաշտոններում տնավորվելու սառը հաշվարկը: Վատ է, երբ ղեկավարը ԱՐԺԵՔ ու ՕՐԻՆԱԿ չէ, նրանով չեն հիանում ու չեն գնում նրա հետևից: Երբ գործարարությունն ու մշակույթը, հասարական ու քաղաքական ակտիվությունը պահանջում են վերադասահաճո գործողություններ: Երբ պարծանքի ու խրախճանքի թեմա է սեքսը, ու ՍԵՐԸ դարձել է դռան շորի պես մի բան. նրա վրայով ոտքերն են սրբում՝ ով ինչպես կարող է ու ինչքան շատ է կարող: Երբ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ գալիս է ոչ թե հոգու կանչով, այլ իշխանություն գրգռող էգ ղզղնած կատվի: Վատ է, երբ ցավը անսխալականության ու փրկչարարության բարդույթն է ծնում, և խաչակնքելը պարտադիր է, երբ հետո պետք է շրջվես ու շարունակես քո սև գործը: Լավ է, երբ մարդ ուղղակի զբաղվում է նրանով, ինչով պետք է զբաղվի, երբ նա իր արժանի տեղում է, չէ՞ որ բոլորը միայն դա էլ ուզում են, անել այն, ինչ իրենց կոչումն է, բայց ինչպե՞ս կարող ես լինել սրտացավ մարդ ու ներդաշնակ ապրել ինքդ քեզ հետ, երբ ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է, և այդ սխալի պտուղները այլանդակում են քո կյանքի յուրաքանչյուր րոպեն: Իմ բնույթով ու ողջ բանականությամբ ես լավատեսության կողմնակից եմ ու հրահրող, միշտ և ամենուր, բայց ժպիտս այսօր մի խեղկատակի դառը ծամածռության է վերածվել գորշությամբ ու հիասթափությամբ թաթախված այս գաղջ պատկերի ֆոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել