Հարգարժան պարոն Նախագահ, նախ և առաջ ուզում եմ շնորհավորել Ձեզ վերընտրվելու կապակցությամբ: Ես համոզված եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման երկրորդ շրջանում Ձեր ուժերը կշարունակեք ներդնել տնտեսական, սոցիալական և քաղաքական առումներով կայուն ու նաև խաղաղ Հայաստանի համար: Մենք՝ երիտասարդներս էլ Ձեր առաջնորդությամբ կփորձենք մեր ուժերին ներածի չափով օգտակար լինել մեր հայրենիքի հզորացման և զարգացման գործում: Պարոն նախագահ, այս խնդրագիրը գրել եմ իմ դասընկերոջ՝ Առաքելյան Տիգրանի համար: Մենք երկուսս էլ մեծացել ենք նույն թաղում, 1988 թվականին մեծ հույսերով ու երազանքներով ընդունվեցինք Լուսակերտի միջնակարգ դպրոց: Մենք եղանք շահագործման հանձնած մեր նորակառույց շենքի առաջին առաջին դասարանցիները, ճակատագրի բերումով հայտնվեցինք նույն դասարանում նույն դասվարի մոտ: Մեր լուսահոգի դասվարը շատ հայրենասեր կին էր, նա մեզ սովորեցրեց սիրել մեր հայրենիքը, ամեն կերպ մեր լուման ներդնել հայրենիքի զարգացման, հզորացման և արդարության հաստատման գործում: Մենք առաջին անգամ տեսանք՝ ինչ է երկրաշարժը և դրանից բխող մարդկային ողբերգությունը, զգացինք անկախության բերկրանքը, Արցախյան շարժումը, այնուհետև պատերազմը, իսկական հերոս տղերքին, 4-րդ դասարանում սարսափով մասնակցեցինք պատերազմում զոհված առաջին մեր համագյուղացու թաղմանը, հպարտացանք մեր տղերքի հաղթանակով: Մեր սերունդը կրթությունը ստացավ փայտե և նավթե վառարաններուվ տաքացվող դպրոցներում, դասերը սերտում էինք մոմի լույսի տակ, հաճույքով վայելում էինք մեզ կտրոնով բաժին հասած անհայտ ծագմամբ 200 գրամ հացը: Այդ ամենը տեսնելով և դրանց ազդեցության տակ չէինք կարող չփնտրել արդարություն: Մենք երկուսս մեզ համարում էինք ուժեղ մարդ և գտնում էինք, որ արդարությունը պետք է ստեղծել, ոչ թե մուրալ: Ես գտնում էի, որ այդ ամեն ինչի մեղավորը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Եվ նրա հրաժարականից հետո, երբ 1999 թվականին ձևավորվեց «Միասնություն» դաշինքը, մեծ ոգևորվածությամբ մասնակցում էի նրանց կազմակերպած հավաքներին: Ես Վազգեն Սարգսյանին համարում էի դաշինքի ուժը, իսկ Դեմիրճյանին՝ իմաստնությունն ու փորձը: Ես ինձ համարում էի ուժեղ երիտասարդ, դրա համար ուզում էի անդամագրվել հենց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունում և համոզված էի, որ հենց այդ կուսակցության շնորհիվ է մեր երկիրը դուրս գալու խոր ճգնաժամից: Իսկ նրա պատկերացումներն այլ էին: Մեր ճանապարհները ժամանակի ընթացքում շեղվեցին, իսկ 2007-ից հետո մենք ակամայից հայտնվեցինք քաղաքական և գաղափարական տարբեր բարիկադներում: Երկուսս էլ նույն երազանքով ենք ապրել՝ տեսնել հզոր, տնտեսապես զարգացած երկիր և անհոգ ապրել այդ ապահով երկրում, ուղղակի երկուսս ընտրեցինք դրան հասնելու համար տարբեր ճանապարհներ: Հիմա նա ազատազրկված է 6 տարով, իսկ ես ապրում եմ ընտանիքիս հետ իմ հարմարավետ տանը: Հավատացնում եմ Ձեզ, նա էությամբ լավ մարդ է, պայքարող, անկոտրում երիտասարդ, նա այդ քայլին դիմել է իր պատկերացրած «արդարությունը» հաստատելու համար: Իսկ թե արդարացիորեն է պատժվել, թե անարդար, դա հարցի այլ կողմն է, ինձ համար կարևորը նրա կյանքի վերադասավորումն է և անձնական երջանկության վերահաստատումը: Խնդրում եմ Ձեզ, Ձեզ ընձեռնված լիազորություններով օգնեք նրան, ես չեմ ցանկանում, երբ նա պատիժը կրելուց հետո վերադառնա, տեսնելով իր դասարանցիներին, ընկերներին ընտանիքների գրկում երջանկություն գտած, ինչ-որ հաջողությունների հասած, իսկ իր նախընտրած կուսակցությանը մասնատված, կիսաքայքայված, իրեն զգալու է ավելորդ, կործանված և չարանալու է բոլորիս վրա: Խնդրում եմ՝ հնարավորություն տվեք իրեն նոր կյանք սկսելու, չկործանվելու, հավատացնում եմ՝ նա շատ լավ հայ կլինի, երկրին օգտակար քաղաքացի, ի վերջո թող նա էլ իմ նման կարողանա գոնե ամիսը երկու անգամ իր ծնողի շիրիմին այցելի և խունկ ծխի: Ես իմ ապագան տեսնում եմ առանց ատելության ու վախի, մեկմեկու օգնող, նեցուկ լինող բնակչությամբ ապահով Հայաստանում: Նախապես շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել