Իսկ ի՞նչ ասել է «պաշտոնական նախազգուշացում»: Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «պաշտոնական նախազգուշացում»-ը «Ընտանեկան բռնության ենթարկվածների կամ ենթադրաբար ենթարկվածների պաշտպանության» թվարկված 3 միջոցներից առաջինն է:
Հաջորդ՝ 16-րդ հոդվածը նվիրված է այդ «պաշտոնական նախազգուշացում» ասվածին: Մասնավորապես.
«1. Ընտանեկան բռնությունից պաշտպանություն իրականացնելու կամ դրա կանխարգելման նպատակով ոստիկանության ծառայողի կողմից անձի նկատմամբ կարող է կայացվել բռնության կիրառման անթույլատրելիության մասին պաշտոնական նախազգուշացում, որը ներառում է նաև բռնության գործադրման դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների մասին տեղեկացում:
2. Պաշտոնական նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ առերևույթ ընտանեկան բռնություն, այդ թվում՝ հոգեբանական և տնտեսական, գործադրելու մասին հաղորդում ստացվել կամ Ոստիկանության կողմից հայտնաբերվել է առաջին անգամ, կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ չի պարունակում և ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում: Պաշտոնական նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո 24 ժամվա ընթացքում»:
Ի՞նչ է ստացվում. միայն այն հանգամանքը, որ, ասենք, ձեր «ընտանեկան ոստիկանը» հաղորդում է ստացել, թե դուք ընտանիքի անդամի վրա հոգեբանական բռնություն եք գործադրել, սկզբունքորեն բավարար հիմք է՝ «պաշտոնական նախազգուշացման» համար: Իսկ դա իր հերթին ենթադրում է, որ «ենթադրաբար բռնություն գործադրած անձը» պարտավոր է հաշվառվել և առնվազն 1 տարի հաշվառված լինել ոստիկանության համապատասխան կառույցի կողմից, ստիպված է լինելու այդ մեկ տարվա մեջ «վայելել» հայրենի ընտանեկան ոստիկանների՝ իր տուն այցելելու կասկածելի «հաճույքը»:
Կարճ ասած՝ առանց հիմնավոր ապացույցի, հաստատում ունենալու մարդը կարող է պիտակվել որպես «ենթադրյալ բռնություն գործադրած», այլ կերպ ասած՝ ազգով, բակով, շենքով մեկ խայտառակ լինել, ի լրումն՝ հայտնվել ոստիկանության անդուր ուշադրության կենտրոնում:
«Ենթադրաբարը» պարզաբանող մյուս դեպքը: Ասում է՝ դա այն անձն է, ում «նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում»: Պարզ ասած՝ տվյալ անձին ներկայացված է մեղադրանք կոնկրետ ընտանիքի ներսում բռնություն գործադրելու փաստի վերաբերյալ հարուցված քրեական գործով:
Հարց է ծագում՝ եթե գործ է հարուցված, մեղադրանք է ներկայացված, ապա մարդը միայն դատարանի որոշմամբ կարող է մեղավոր ճանաչվել: Մարդը մեղավոր չճանաչված՝ նրան «ենթադրաբար» բռնություն կատարած ենք համարում...
Բա անմեղության կանխավարկա՞ծը:
Չգիտեմ, ինձ դուր չեկավ էս նախագիծը... Մի տեսակ շատ շինծու տպավորություն է թողնում: Թե ես ինչպես եմ ընկալում այս խնդիրը (անկախ նախագծից), արդեն այլ հարց է, ուստի առանձին կշարադրեմ:
Իսկ նախագծի հեղինակներին բարեկամաբար ասեմ, որ նախ՝ հոդված 17-ի 14-րդ կետում «կարող է բողոքարկվել» կապակցությունը երկու անգամ է գրված, ինչն ակնհայտ վրիպակ է: Եվ հոդված 24-ի 2-րդ կետում գրված է «հայաստանի Հանրապետության»: Հասկանալի է, որ տեխնիկական վրիպակ է, երևի մուտքագրելիս «շիֆթը» չի սեղմվել: Ուղղեք, խնդրում եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1639505556123858?notif_id=1508236151794335¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել