Galatv.am-ը գրում է

Կատալոնիայի անկախության հանրաքվեն թեժացրեց իրավիճակը եւ նպաստեց անջատողական տրամադրությունների աճին Եվրոպայում: Իրականում մի շարք արեւմտաեվրոպական տարածաշրջաններ արդեն տասնյակ, հարյուրավոր տարիներ ձգտում են անկախության: Ո՞ր տարածաշրջանները կարող են հետեւել Կատալոնիայի օրինակին:    

Կատալոնիա

Արեւմտյան Եվրոպայում անկախության վերաբերյալ կոչերն այնքան բարձր չեն հնչում, որքան Կատալոնիայում: Ֆրանսիսկո Ֆրանկոյի բռնապետության շրջանում՝ 1936-1975թ.թ.-ին, Իսպանիայում արգելվեց կատալոներենը: Սակայն 1970-ականներին այդ տարածաշրջանը քաղաքական եւ մշակութային ինքնավարության բարձր աստիճան ստացավ: Այսօր 7,5 մլն  կատալոնացիներից շատերի համար դա բավարար չէ:

Իսպանիայի ձեւավորումից ի վեր կատալոնացիները երբեք չեն հրաժարվել ազգային ինքնուրույնության եւ անկախ պետության վերականգնման գաղափարից: Իսպանական միապետների կողմից կատալոնացիների ինքնուրույնության վերացման կամ ներքին գործերին խառնվելու ցանկացած փորձ վերածվել է ազգային ապստամբության եւ պատմական տարբեր ժամանակաշրջաններում կատալոնացիները փորձել են վերականգնել իրենց անկախությունը:

 

Բասկերի երկիր

Բասկերի երկիրը միշտ համարվել է Եվրոպայում անջատողականության գլխավոր օջախներից մեկը: Ժամանակին բասկյան փոքրամասնությունն ավելի մարտական էր տրամադրված, քան կատալոնացիները: 1961-2011թ.թ.-ին բասկյան անջատողական ЕТА խմբավորման անդամները սպանել են ավելի քան 800 մարդու, սակայն հետագայում նրանք հրաժարվեցին բռնություններից:

Այսօր բասկ ծայրահեղականներն անկախության ձեռքբերումն առաջնային նպատակ չեն համարում եւ ձգտում են առավել լայն լիազորություններով ինքնավարության: Բասկերի երկրի ու Կատալոնիայի շուրջ ծավալվող իրադարձություններն ու խնդիրները տարբեր են, սակայն երկուսին միավորում է հանրաքվե անցկացնելու գաղափարը:

Շոտլանդիա

Չնայած այն հանգամանքին, որ Անգլիայի հետ Շոտլանդիայի քաղաքական-տնտեսական միությունն ավելի քան 300 տարվա պատմություն ունի, շոտլանդացիները միշտ ձգտել են անկախության: Նրանք սեփական խորհրդարանն ունեն, սակայն շոտլանդական կառավարությունը լիարժեք ինքնավարություն է ցանկանում: Անկախ այդ ամենից, շոտլանդացիների 55 տոկոսը 2014թ.-ի հանրաքվեին դեմ քվեարկեց տարածաշրջանի անկախացմանը: Շոտլանդացիների 62 տոկոսը դեմ է արտահայտվել նաեւ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն (Brexit-ին):  

Շոտլանդացիներն ապացուցել են աշխարհին, որ առանձնանալն օրինական, իրական քաղաքական հնարավորություն է, որից կարող են օգտվել փոքր ազգերը, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են մեծ պետության կազմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել