Շատ ողջունելի է, որ Վարդան Օսկանյանը քաղաքի մասին ընդհանուր դատողություններից կամաց-կամաց անցնում է կոնկրետ խնդիրների: Այնուամենայնիվ, պետք է ի նկատի ունենալ, որ կարիք չկա դրանք ներկայացնել որպես մեկշաբաթյա աշխատանքի հայտնագործություն կամ աննախադեպ սրտացավություն:

Այո՛, Երևանը ևս ունի համաչափ զարգացման խնդիրներ, դրա մասին բազմիցս ասել և այդ ուղղությամբ աշխատել է մեր քաղաքային թիմը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Լավ կլիներ հանուն արդարության պրն.  Օսկանյանն ասեր, որ այդ նպատակով էլ վերջին տարիներին էական փոփոխություններ ու բարելավումներ են եղել Երևանի ոչ կենտրոնական թաղամասերում ու շրջաններում` ձեռքբերելով նորացված ու վերակառուցված դպրոցներ, ջրամատակարարման ցանցեր, բարեկարգված բակեր, նոր կամ ամբողջությամբ նորացված այգիներ, զբոսայգիներ, փողոցային լուսավորվածություն, տրանսպորտային համեմատաբար բարելավված հանգույցներ, ճանապարհային լուծումներ, աշխույժ գործող նախադպրոցական հաստատություններ, մշակութային օջախներ, վերանորոգվող շքամուտքեր ու վերելակներ և այլն: Ես կարծում եմ, որ եթե մեր ընդդիմախոսը զինվի համբերությամբ, ապա իր բոլոր մատնանշված խնդիրները առանց իր մատնանշման էլ կստանան լուծումներ, որովհետև դրանք բոլորն էլ մեր թիմի ամենօրյա ուշադրության առարկաներ են:

Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա լավ կլիներ՝ դրանք հստակեցվեին, հատկապես, որ ինչպես Վարդան Օսկանյանն է նշում, մեկ շաբաթում կարողացել է համոզվել, որ Երևանի բոլոր խնդիրները լուծելի են:

Իսկ եթե կան հստակ օրինակներ քաղաքապետարանի կողմից կատարվող կամայականությունների և արհեստական խոչընդոտների մասին, լավ կլիներ դրանք կոնկրետացվեին, և վստահ եմ, որ իրականությանը համապատասխանելու դեպքում այն անհետևանք չի լինի:

Մեր գործընկերները հաճախ են խոսում Երևանում քաղաքական մենաշնորհների մասին: Ժողովրդավարական հասարակարգում քաղաքական մենաշնորհներ չեն լինում: Միայն հաջողված քաղաքական կառավարման ու իրական քաղաքականության իրացմամբ է հնարավոր հասնել շոշափելի արդյունքների, որի գնահատողը մեր քաղաքացին է: Ուրեմն մեր քաղաքական գործընկերները լավ կանեն ոչ թե աշխատեն մեր դեմ, այլ աշխատեն հանուն մեր քաղաքացիների ու հանուն նրանց բարօրության: Վստահ եղեք, մարդիկ գնահատում են կատարված աշխատանքը և ոչ թե ինքնանպատակ քննադատությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել