Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ողջունելով հյուրին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար և, բարձր գնահատելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները, ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման և ամրապնդման կարևորությունը:
«Մոսկվայի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը մեր կարևոր ուղղություններից է, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը` նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար` Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը նախ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջույններն ու Երևանի տոնի առթիվ շնորհավորանքն է փոխանցել Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունն ու վստահեցրել է, որ այն ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին փոխադարձաբար իր ողջույններն է փոխանցել Սերգեյ Սոբյանինին՝ սրտանց հրավիրելով հաջորդ տարի այցելել Երևան` մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումներին:
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև հարցեր Մոսկվայում նախատեսված Երևանի օրերի անցկացման հետ կապված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել