Այս օրերին, երբ հանրապետության գրեթե բոլոր անկյուններում խոսվում է պետական ռեսուրսների ճիշտ բաշխման, օպտիմիզացիայի, հին բարքերի վերացման ու առաջընթացի մասին, պարզվում է՝ պետական սեգմենտում աշխատող ոչ բոլորի կողմից է Կարեն Կարապետյանի կառավարության որդեգրած գործունեությունը ջերմ ընդունվում։ Ավելին՝ իսկական շիլաշփոթ է ստեղծվել հանրապետության երկու խոշորագույն բուժական հաստատությունների՝ «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների շուրջ, որը հավակնում է իսկական պատերազմի վերաճել։
Հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 22-ին որոշեց միաձուլել «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն ՓԲԸ-ները: Դրանց փոխարեն «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տարածքում կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օտարել «Նորքի» հոգեբուժարանի շենքը և դրանից ստանալ 530 մլն ՀՀ դրամ:
Այս լուրը խիստ ծանր է տարել «Նորք» հոգեբուժարանի տնօրենի ժ/պ Վահան Սիմոնյանը, ով, խիստ անհանգստացած լինելով սեփական պաշտոնի ու իր վերարտադրության համար, մամուլով արշավներ է կազմակերպում առողջապահության նախարարի դեմ։ Բացի այդ՝ ամեն կերպ հանգստացնում է իրենից ու իր անզորությունից խռոված «Նորք» հոգեբուժականի աշխատակիցներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Նորքի» հոգեբուժարանը շարունակելու է գործել, ու որ նախարարի խոսքերը մնալու են թղթի վրա։
Նախարարի որոշումից խռոված Սիմոնյանը պնդում է, որ ոչ մի նախարար իրենից ու իր հովանավորից թափով չէ, որ կարողանա Նորքի հոգեբուժարանը փակել։ Այս վարքը կարելի է մեկնաբանել նրանով, որ Սիմոնյանը պարզապես վախենում է բունտից, բայց անհասկանալի է, թե ինչու է նախարարի դեմ տեղեկատվական արշավ սկսել իր աշխատակիցների ու բարեկամների միջոցով։ Նախարարին ու օպտիմիզացիան քննադատելու գործին են լծվել Վահանի ամենամոտ հարազատները։ Սիմոնյան Վահանի բարեկամուհին, օրինակ, Իրինա Ստեփանյանը, ով «Զիպրեքսա» հոգեմետ դեղամիջոցով բուժման ծրագրի բժիշկներից է, նախարարի հասցեին վիրավորական արտահայտություններ է անում ցանցերում, իսկ Սիմոնյան Վահանի մեկ այլ մտերիմ՝ նրա վարորդի կին Նոռա Գալստյանը, գտնում է, որ բուժման կարիք ունի հենց նախարարը։
Ի դեպ՝ Սիմոնյանը նախարարի հետ անխոնջ պայքարի մեջ է նաև «Զիպրեքսա» հոգեմետ դեղամիջոցով արտահիվանդանոցային բուժման ծրագրի շարունակականությունը ապահովելու ուղղությամբ, որի արդյունավետությունը մեծ կասկածի տակ է։ Հիշեցնենք, որ Սիմոնյանը մինչև նոր պաշտոնին անցնելը հանդիսանում էր «Զիպրեքսայի» բժիշկը։ Այժմ այդ պաշտոնում նրա բարեկամուհին է։
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ամիսներ առաջ հասկացնել տվեց, որ ծրագիրը կարող է չշարունակվել։ Առողջապահության նախարարության հիմնական հակափաստարկը դեղամիջոցի բարձր գինն է։ Կարծիք կա նաև, որ «Զիպրեքսան» հոգեբուժության երեկվա օրն է, ու այժմ կան նոր սերնդի դեղամիջոցներ, որոնք չունեն հին սերնդի դեղերին բնորոշ կողմնակի ազդեցություններ։
Սակայն Սիմոնյանն իր մտերիմի՝ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Կարինե Թուխիկյանի միջոցով պարբերաբար կրակագծի տակ է պահում նախարարին ու նախարարությունը՝ հիմնավորելով «Զիպրեքսայի» օգուտներն ու իրարանցում առաջացնելով։
Դժվար է ասել, թե այս խմորը դեռ ինչքան ջուր կքաշի, բայց որ վիրավորանքների տարափին վերջ տալ է պետք, դա կասկած չի հարուցում։