Շատ սիրելի երիտասարդներ: Այսօր մեզանում, դժբախտաբար առաջին հերթին նաև երիտասարդության մեջ, ընթանում են հոգևոր բարոյական անկման խորքային, կարծում եմ, անդարձելի պրոցեսներ: Տեղի է ունենում Հայության համար և Հայության կողմից հազարամյակների ընթացքում ձևավորված կամ նրան Ի ՎԵՐՈՒՍՏ տրված և իր գոյության ու մշտնջենական լինելիության հիմքը հանդիսացող գլխավորագույն գաղափարների արժեզրկում ու փոշիացում: Փոխարենը, որպես նոր, իբր առաջադեմ գաղափարներ են հրամցվում և չափազանց դյուրին մեր իրականության մեջ իրենց տեղն են գտնում, մարդուն, անգամ ոչ կենդանական բնազդներով առաջնորդվող, այլ անասնական անհագ ցանկությունների բավարարմամբ միայն իրենց կյանքն անցկացնել բաղձացող արարածների վերածող գաղափարներ: Այսպիսի արարածների համար առաքինությունն ու բարոյականությունը, սերն ու նվիրումը, մարդկային փոխօգնությունն ու բարեկամությունը, ազգը, հավատն ու հայրենիքը և մի շարք այլ` մեր ազգային էությունից բխող և մեր սեփական ինքնությանը համապատասխանող ճշմարիտ արժեքներն արհամարհելի են և անգամ համարվում են մարդու առաջընթացը խոչընդոտող, դեպի միջնադարյան խավարը տանող գաղափարներ: Փոխարենը, նրանց համար, որպես գերագույն արժեքներ են հռչակված նյութը, փողը, ունեցվածքը, բարգավաճությունն ու մարմնավոր բարեկեցությունը և սրանցով պայմանավորված գաղափարները, որոնք մարդկանց օտարացնող, ամեն մեկն իրեն համար դարձնող, բոլոր մարդկային ճշմարիտ տրադիցիաները փոշիացնող, քամուն տվող, ազգը քայքայող, վերջապես մարդուն ագրեսիվ սպառողի վերածող գաղափարներ են: Այս ամենն իրականացնելու համար օգտագործվում են բոլոր` առաջին հերթին մեդիա միջոցները: Թվացյալ «անշառ» կարաոկե և գիշերային ակումբները, գլամուրային հավաքույթները (тусовка), հեռուստատեսային զանազան շոու-մրցույթներն ու ամեն բան զավեշտի վերածող «ծիծաղաշարժ» ծրագրերը, «կամոբլոգները», «տատուաժ» գովազդող ծրագրերը, «21 դարի» շուրջօրյա երգող չպլախ մարմինները, ամեն անկյունից որպես երաժշտություն մատուցվող այս աղմուկ-աղաղակը և այլն, ուղղված են մեկ գերագույն նպատակի` շատ արագ մարդուն, ձեզ, սիրելի երիտասարդություն, մարդ մարդուց վերածել անհոգի, միայն անասնական անհագ ցանկությունների բավարարման համար երազող ու դրանով ապրող մարդ-կենդանիների: Կարծում եմ` ՀԱՅՈՑ ՀԱՐՑԻ լուծման բոլոր ձեր մտահոգությունների բանալին ահա այստեղ է գտնվում: Այս դեգրադացումը անհրաժեշտ է կանգնեցնել բոլոր հնարավոր միջոցներով և մեթոդներով, այլապես վաղը ուշ կլինի, քանզի այս ընթացքը հանգեցնելու է նրան, որ վաղը ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ ձեզանից գրեթե ոչ մեկին չի հետաքրքրելու: Դուք և միայն դուք եք ի զորու շտկել իրավիճակը: Մեր թշնամին կամ ավելի ճիշտ թշնամիները, որոնց անթաքույց անտարբերության, եթե չասեմ անուղղակի կամ, ուղղակի նաև, հովանավորությամբ տեղի ունեցավ 1915-ը, սա շատ լավ են գիտակցում և ոչինչ չեն խնայում մեր այս անկումը խորացնելու համար:
ՀԱՅՈՑ ԽԱԹԱՐՎԱԾ ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ Է ՀԱՅ ՃՇՄԱՐԻՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆ ԱՅՍՕՐ…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=329821193809990&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել