«Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի օդագնացության միջազգային փառատոն:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Skyball» ընկերությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից և Լիտվայից ժամանած մասնակիցները 14 օդապարիկներով թռիչքներ կկատարեն Երևանի երկնքում և վայրէջք կկատարեն Երևանի վարչական սահմաններից դուրս:
«Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ տեղեկացրել է, որ թիմերի համար օդում նախատեսված են որոշակի առաջադրանքներ: Ըստ այդմ, առավելությունը կտրվի այն անձնակազմերին, որոնց օդապարիկները երևանյան երկնքում ավելի երկար կմնան:
Փատառոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:30-ին, Հանրապետության հրապարակում: Թռիչքներ են նախատեսված Գառնու և Ապարանի ջրամբարի հարակից տարածքերում` կախված եղանակային պայմաններից:
Հոկտեմբերի 15-ին նախատեսված թռիչքներին, որոնց ընթացքում օդապարիկները ճոպաններով կապված լինելու պատճառով կհասնեն միայն որոշակի բարձրության, կարող են մասնակցել նաև քաղաքացիները` նախապես անցկացվող մրցույթներում հաղթելու պարագայում: