Շատերը չեն հասկանում, թե ինչ է նշանակում տնտեսական բռնություն ընտանիքում։
Ադեկվատ մարդուն իրոք դժվար է դա պատկերացնել։ Բայց բերեմ երկու օրինակ, որոնց անձամբ եմ առնչվել։ Նմանատիպ օրինակների, ցավոք, հաճախ են առնչվում բարեգործությամբ զբաղվողները...
Իմանում ես, որ մի ընտանիքում երեխաները հատակին են քնում, որովհետև մահճակալ չունեն։ Մոբիլիզացնում ես բոլորին, մահճակալներ նվիրում ընտանիքին։ Մի ամսից կրկին իմանում ես, որ երեխաները հատակին են քնում։
Ծնողը վաճառել է մահճակալներն ու լակել։
Մեկ այլ օրինակ։ Երեխան ծանր հիվանդ է և շտապ վիրահատության կարիք ունի։ Ծնողն ասում է՝ փող չկա։ Հայթայթում ես գումարը, փոխանցում ծնողին։ Հարևաններից խաբար ես ստանում, որ երեխային չի տարել վիրահատելու, մեքենա է իրեն գնել։ Այդ դեպքից հետո, ի դեպ, այլևս ծնողի հաշվեհամար չէի տարածում, այլ՝ վիրահատությունից առաջ հիվանդանոցի հաշվեհամարը։
Ու դու որևէ լծակ չունես նման ծնողների դեմ։ Ասում են՝ քո գրպանից չի, մարդիկ են փոխանցել։ Քեզ ինչ, իմ երեխան է, ինքս կորոշեմ՝ երբ վիրահատեմ։
Ի՞նչ է սա, եթե ոչ տնտեսական բռնություն։