«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծի հանրային քննարկմանը մի քանի դրվագով ծանոթացա ու ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչքան լուսավոր ու խոհեմ մարդ է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը։ Մարդն ի՞նչ է ասում․ ասում է՝ բանակների մի բաժանվեք ու յուրայինների մեջ թշնամիներ մի տեսեք, մյուսն էլ ասում է՝ եկեք միջավայր ստեղծենք, որ ընտանեկան բռնություններին վերաբերող ոչ մի օրենք, ինչպիսին էլ լինի դրա կարգավորումը, առիթ չունենա գործելու, ու այստեղ շատ լավ օրինակ բերեց, ասում է՝ Սովետական տարիներին միայն Հայաստանն էր, որ սթափարան չուներ, քանի որ դրա կարիքը չկար, բայց օրենք կար։ Ինչ վերաբերում է օրենքին, անկեղծ ասեմ՝ ամբողջությամբ ծանոթ չեմ, բայց գիտեմ մեկ բան․ եթե պետությունը պարտավորություն է ստանձնել, ապա այն պետք է ընդունի, իսկ մնացածը մեզանից է կախված, մեր ուշադրությունից ոչ միայն մեր ընկերական ու ընտանեկան միջավայրին, այլ մեր շրջապատին առհասարակ։ Եթե մենք մեր նկատմամբ ավելի հարգալից լինենք, ինչ օրենք էլ ընդունվի, ինչ կարգավորումներ էլ ունենա, միևնույն է, մենք մեր ավանդույթները կկարողանանք պահել։ Ի դեպ՝ մեր հասարակությունը կնամեծար է, երեխայապաշտ, ու մեզանից այս առումով սովորելու բաներ ունեն շատերը։ Բացառություններ, իհարկե, կան, զարհուրելի դեպքեր լինում են, բայց, միևնույն է, մենք դեռևս ընտանիքակենտրոն ենք, ու դա լավ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: