Ով ինչ ուզում է ասի, ես շատ եմ հավանում «Հայաստանի ձայնը» նախագծի նոր եթերաշրջանի և՛ ժյուրիի կազմը, և՛ հաղորդավարներին, և՛ մասնակիցների պատրաստվածության աստիճանը:
Բողոքում եք, որ ժյուրիի անդամները պրոֆեսիոնալ չեն: Իսկ հետաքրքիր է՝ այդ բողոքողներից որևէ մեկը Նունե Եսայանի չափ վաստակ ունի՞ որևէ բնագավառում կամ Արամեի չափ համերգներ կազմակերպելու փորձ կամ էլ Սոֆիի չափ աշխատասիրություն: Իհարկե, կտիրի լռություն:
Քննադատում եք, որ Սևակը հայերեն չի խոսում, իսկ ո՞ւր էիք, երբ ժյուրի էր Արտո Թունջբոյաջյանը, ով ո՛չ հայերեն էր խոսում, ո՛չ անգլերեն, ու պետք էր մեծ ջանքեր գործադրել, որ հասկանայիր՝ ինչ է խոսում քթի տակ...
Նույնը հաղորդավարների մասին կարող եմ ասել․ կրկին դատարկ և առանց հիմքի քննադատություններ: Արա Կազարյանը հնարավոր է՝ մի քիչ գեր է, բայց կարևորը՝ պրոֆեսիոնալ է և կարողանում է շոու անել: Հեռու չգնանք ու հիշենք՝ ինչ իմիջիայլոց էր վարում ձեր կողմից պաշտելի Հովհաննես Ազոյանը: Տպավորություն էինք ստանում, որ մի կերպ համաձայնվել էր «լավություն անել» ու մի երկու եթեր վարել...
Մասնակիցներն էլ շատ լավ, տաղանդավոր ու պատրաստված են: Փոքրիկ թերություններն էլ կշտկվեն ու կհղկվեն: Ի վերջո, հենց դրա համար է նախագիծը, որ տաղանդի և պրոֆեսիոնալիզմի արդյունքում նոր աստղեր ծնվեն: