Շատ ենք սիրում խոսել այն մասին, որ Հայաստանը պիտի զարգանա նաև համայն հայության համատեղ ուժերով: Մասամբ համաձայն եմ վերոհիշյալ մտքի հետ, բայց ավելի հստակեցնելու գործոն կա այստեղ:
Եթե մտածում ենք, որ սփյուռքի աջակցությամբ ու հովանավորությամբ անընդհատ ՀՀ-ում պետք է դպրոցներ, ճանապարհներ, մշակույթի և այլ օջախներ կառուցվեն ու նորոգվեն, ապա արդեն սխալված կլինենք, որ միայն դրանով արդեն իսկ ապահովված է Հայաստանի զարգացումը: Եթե նույնիսկ սփյուռքի մեր հայրենակիցները օժանդակեն առանձին ընտանիքների, հարազատ բարեկամներին, դա նույնպես խնդրի լուծում չէ: Դա ընդհանրապես լուծում էլ չէ ու շարունակականության մեջ ընդմիշտ չի կարող լինել: Դա ուղղակի օժանդակություն է երկրին, որը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման կարող է լինել երկրի զարգացման համար:
Եթե թռուցիկ հայացք նետենք սփյուռքի գոյությամբ և օժանդակությամբ մեզ նմանվող Իսրայել պետությանը, ապա կնկատենք, որ այնտեղ ևս այդ մեխանիզմի շնորհիվ չէ միայն, որ հասել են մի այնպիսի մակարդակի, որ միայն ՀՆԱ-ով եթե համեմատելու լինենք, ապա հրեաների պարագայում այն շուրջ տասն անգամ գերազանցում է մեր ՀՆԱ-ին:
Մեծապես տուրք տված կլինենք զգացմունքային գործոնին, և այն, որ իբր ուրիշները ուրիշ են, մենք այս, այն՝ մատնանշելով մեր դարավոր ազգային միասնականության բացակայության հանգամանքը իբր, եթե համարենք, որ նույն հրեաները եղած մակարդակին հասել են բացառապես իրենց սփյուռքի օժանդակությամբ: Կարծում եմ՝ նրանց պարագայում երևի ճիշտը վարվող քաղաքականությունն է եղել, այն, որ Իսրայելում սփյուռքի հրեաները շահավետ ու նորմալ պայմաններում բիզնեսով զբաղվելու հարցն են լուծել:
Այսինքն՝ միայն ու միայն գործարար շահի ապահովումն է այն կայուն երաշխիքը, որը նորմալ ու անխափան կաշխատի թե՛ մեր, թե՛ այլոց պարագայում: Բիզնեսմենն անընդհատ չի կարող բարեգործություններ անել, իսկ շահույթի ապահովման պարագայում ներդրումներ անելը շատ նորմալ, աշխարհում գործող օրենք է և դա կարվի նաև Հայաստանում այն պարագայում, երբ պետական մակարդակով կստեղծվի կայուն երաշխիքներ բիզնես շահի ապահովման համար: Դա օրենսդրական նպաստավոր դաշտն է, դա արդարադատության նորմալ համակարգ ունենալն է, դա բիզնես գրավչություն ստեղծելն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել