Բերանի տհաճ հոտն այնքան տարածված է, որ այն նույնիսկ հատուկ անուն է ստացել՝ հալիտոզ: Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ այս խնդրով տառապում է մոլորակի բնակչության յուրաքանչյուր 4-րդ մարդը: Այս խնդրի հիմնական բարդությունն այն է, որ մարդն ինքը չի կարող իմանալ հոտի առկայությունը, քանի որ քթի ռեցեպտորները անընդհատ արտաշնչում են այն հոտը, որ կա բերանի խոռոչում և ժամանակի ընթացքում հոտառությունը չի կարողանում տարբերակել՝ արդյոք դա տհաճ հոտ է, թե ոչ: Եվ առհասարակ, հոտ կա, թե ոչ: Դա անհնար է պարզել, եթե չհարցնեք ձեր կողքիններին, սակայն կա ևս մեկ միջոց՝ թուքը: Եթե ցանկանում եք պարզել՝ արդյոք տհաճ հոտ կա, թե ոչ, թքով պատեք գդալը, թողեք, որ այն չորանա, այնուհետև հոտ քաշեք: Բերանից տհաճ հոտի առկայությունն, իհարկե, առաջին հերթին կարող է կապված լինել հիգիենայի բացակայության հետ, սակայն եթե դուք օրը երկու անգամ լվանում եք ատամները, սակայն հոտը դեռ կա, դա նշանակում է, որ կան առողջական որոշակի խնդիրներ, կամ դուք ճիշտ չեք հետևում բերանի խոռոչին:
Բերանի տհաճ հոտի պատճառները
Սխալ հիգիենա
Առաջին ու ամենաակնհայտ պատճառն, իհարկե, բերանի խոռոչի սխալ հիգիենան է: Ոչ միայն ատամները, այլ ամբողջ բերանի խոռոչն է հարկավոր լվանալ: Բերանի տհաճ հոտն առաջին հերթին բերանի խոռոչում կուտակված բակտերիաներն են: Դրանք վերացնելու համար հարկավոր է լվանալ ոչ միայն ատամները, այլ՝ նաև լեզուն:
Թքարտադրության խնդիր
Տարածված պատճառներից մեկը թքարտադրությունն է, որը հաճախ խանգարվում է: Թուքը կուլ տալով՝ մենք վերացնում ենք բերանի խոռոչից բազմաթիվ բակտերիաներ, եթե թքարտադրության խնդիր կա, դրանք մնում են բերանում և արդյունքում տհաճ հոտ է լինում: Թքարտադրության կամ բերանի խոռոչի չորացման խնդիրը կոչվում է կսերոստոմիա: Եթե նման խնդիր ունեք, բերանի խոռոչում թուք քիչ է արտադրվում: Դրա պատճառները տարբեր են. կան որոշակի դեղամիջոցներ, որոնց կողմնակի ազդեցության արդյունքում թքարտադրությունը կանոնավոր չի կատարվում: Դա կարող է առաջանալ նաև տարիքի հետ, մեծահասակների մոտ հնարավոր են թքագեղձերի խնդիրներ:
Լինդերի հիվանդություններ
Բերանի տհաճ հոտի հաջորդ պատճառը լնդերն են: Սա երկրորդ ամենատարածված պատճառն է, որը կարող է հանգեցնել բերանի խոռոչի տհաճ բուրմունքին: Լնդերի այդ հիվանդությունը կոչվում է պարոդոնտոզ, որը շատ արագ ցանկացած ատամնաբույժ կախտորոշի:
Շնչառական համակարգի հիվանդություններ
Շնչուղիների կամ շնչառական համակարգի այլ հիվանդությունների դեպքում քթային մասից որոշակի լեղիներ տեղափոխվում են բերանի խոռոչ, ինչն էլ արդյունքում հանգեցնում է տհաճ հոտի: Օրինակ՝ սինուսիտ հիվանդության դեպքում մարդն անընդհատ շնչում է բերանով, քանի որ քիթը փակ է: Արդյունքում քթային մասից լեղին կուտակվում է բերանային մասում:
Մարսողական համակարգի խնդիրներ
Եթե ձեր ստամոքսում թթվայնությունը բարձր է, կամ լավ չեք մարսում սնունդը, դա կարող է հանգեցնել բերանի տհաճ հոտի:
Բերանի խոռոչի ինֆեկցիաներ
Առաջին հերթին դա կարիեսի առկայությունն է: Եթե ունեք փչացած ատամներ, ապա չեք կարող խուսափել բերանի տհաճ հոտից: Հաջորդ պատճառը ատամի արմատների տակ թարախային կուտակումներն են:
Ինչպես վերացել բերանի տհաճ հոտը
Բերանի տհաճ հոտը վերացնելու համար բազմաթիվ ժողովրդական մեթոդներ կան։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։
Նախ՝ ամենապարզ ձևը յուրաքանչյուր ուտելուց հետո միջատամնային թելերի օգտագործումն է. սննդի մնացորդներն ատամների միջև կարող են դառնալ բերանի տհաճ հոտի պատճառ
Կատարեք ողողումներ յուրաքանչյուր ուտելուց հետո: Կարող եք գոլ ջրով ողողումներ անել, բայց ավելի արդյունավետ կլինի, եթե օգտագործեք սև թեյ:
Արդյունավետ բուսական միջոցներից է մաղանդանոսը: Ոչինչ պետք չէ անել, ուղղակի ծամեք այն:
Կարելի է պատրաստել եփուկներ: Արդյունավետ են մորու և երիցուկի թուրմերը: Եռացրած ջրի մեջ ավելացնում եք երիցուկը կամ մորին, թողնում եք 30 րոպե և ողողում եք այդ ջրով բերանի խոռոչը։
Ողողեք բերանը ջրածնային պերօքսիդով: Ցանկալի է, որ այն լինի 3 տոկոսանոց: Պերօքսիդը խառնում եք նույն հարաբերակցությամբ ջրի հետ և ողողում: