Մերձբալթյան երկրների անկախացման գործընթացը, բավականին հետաքրքիր է: Ընդհանրապես Մերձբալթյան տարածաշրջանը, որը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի և խորհրդային իշխանությունների կողմից ռուսաֆիկացման քաղաքականության հիմնական զոհերից էր, դրա հետ մեկտեղ նաև խորհրդային շրջանում ամենահակառուսական կամ անկախական տրամադրություններ ունեցող տարածաշրջանն էր: Պատահական չէ, որ Մերձբալթյան երկրների ժողովուրդները առաջիններից էին, որոնք 1980-ականների վերջին բուն ԽՍՀՄ տարածքում սեփական երկրների անկախության համար մարտահրավեր նետեցին խորհրդային կայսրությունը և նրա կողմից իրականացվող ռուսաֆիկացման քաղաքականությանը: Օրինակ պատմության մեջ այս օրը՝ 1988թ. հոկտեմբերի 8-ին Լատվիայում ստեղծվել էր «Լատվիական ժողովրդական ճակատը»: «Լատվիական ժողովրդական ճակատը» երկրում գործող ամենակազմակերպված ընդդիմադիր միավորումն էր: Նա ուներ անգամ սեփական «Atmoda» ամսագիրը: Ստեղծման օրվանից ի վեր նախաձեռնությունն իսկական գլխացավանք էր խորհրդային իշխանությունների համար: Շատ շուտով «Լատվիական ժողովրդական ճակատը» դարձավ համաժողովրդական շարժում, որն իր մեջ 100 հազարավոր մարդկանց ներառեց: Նրանց շարքերում կային, մտավորականներ, ուսանողներ և դե իհարկե 1960-70-ականների դիսիդենտական պայքարի ճանապարհով անցած լատվիացի դիսիդենտներ: Այդ շրջանում հարևան երկրներում նույնպես կային հզոր նախաձեռնություններ, որոնք ղեկավարում էին ժողովրդական գործընթացները: Խոսքը իհարկե գնում է լիտվական «Սայուդիս»-ի և «Էստոնական ժողովրդական ճակատի» մասին: Վերջին երկուսը նույնպես ամենաառարկայական դերն ունեցան իրենց երկրներում ժողովրդական շարժումների հաղթանակի հասնելու գործում: Այս 3 նախաձեռնությունները շատ հաճախ համագործակցում էին միմյանց հետ: Այդ համագործակցության ամենաառարկայական դրսևորումը տեղի ունեցավ 1989թ. օգոստոսի 23-ին, երբ Լատվիայի Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիները մոտավորապես երկու միլիոն մարդ շուրջ 600կմ երկարությամբ կենդանի շղթա կազմեցին, միացնելով Թալին Ռիգա և Վիլնյուս քաղաքները, դրանով իսկ, փորձելով աշխարհի ուշադրությունը հրավիրել, 50 տարի առաջ նույն օրը կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին, որը Մերձբալթյան երկրների համար ճակատագրական նշանակություն էր ունեցել հնարավորություն տալով ԽՍՀՄ կողմին օկուպացնել Մերձբալթյան տարածաշրջանը: Այդ ակցիան նաև հստակ նպատակ ուներ ցույց տալու Մերձբալթյան երկրների ժողովուրդների անկախության ձգտումը: Ակցիան դասական Խաղաղ անհնազանդության բնույթ կրող ֆենոմենալ գործողություն էր, որը պատմության մեջ մտավ «Բալթյան ճանապարհ» անվանումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: