Օրերից մի օր նա աշխատանքից շուտ եկավ տուն ու ինչպես միշտ հոգնած ու քաղցած: Դռան առջևում նրան էր սպասում նրա 5-ամյա որդին.
-Պապ, կարելի՞ է քեզ մի հարց տալ:
-Իհարկե, ի՞նչ է պատահել:
-Պապ, դու ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում:
-Դա քո գործը չէ,- վրդովվեց հայրը,-և հետո, դա քո ինչի՞ն է:
-Պարզապես ուզում եմ իմանալ, դե ասա էլի, խնդրում եմ, ինչքա՞ն ես դու ստանում մեկ ժամ աշխատանքի դիմաց:
-Դե ընդհանրապես 1000 դրամ, ինչո՞ւ:
-Պապ,-որդին նայեց ուշադիր հորը ոտքից գլուխ, ապա շարունակեց,- կարո՞ղ ես ինձ 600 դրամ տալ:
-Դու ինձանից հարցնում էիր միայն նրա համար, որ ես քեզ 600 դրամ տամ, ու դու քո համար մի խաղալի՞ք գնես,- գոռալով ասաց հայրը,- հենց հիմա վազիր քո ննջարան ու պառկիր քնելու, մի եղիր այդքան էգոիստ: Ես ամբողջ օրը աշխատում եմ, տանջվում, որ դու քեզ այդպե՞ս պահես:
Որդին լուռ գնաց իր սենյակ ու փակեց դուռը: Իսկ հայրը շարունակում էր մնալ դռան առջև ու բարկանում էր որդու ցանկությունների վրա: «Ինչպե՞ս է նա համարձակվում ինձանից իմ աշխատավարձի մասին հարցնել, որ հետո էլ գումար ուզի»:
Բայց կարճ ժամանակ անց նա հանգստացավ ու սկսեց ավելի լուրջ մտածել. «Միգուցե նրան իրո՞ք ինչ-որ անհրաժեշտ բան է հարկավոր: Դե թքած այդ 600 դրամի վրա, նա այսքան ժամանակ ինձանից ընդհանրապես գումար չի խնդրել»:
Երբ նա մտավ որդու ննջարան, որդին արդեն անկողնում էր.
- Դու դեռ քնած չե՞ս, որդիս:
-Չէ, պապ, ուղղակի պառկած մտածում եմ:
- Որդիս, կներես, ես փոքր-ինչ բարկացած էի:
Վերցրու այս գումարը, որը խնդրել էիր:
Որդին նստեց անկողնում ու սկսեց ժպտալ:
-Շնորհակալ եմ, պապ,- ուրախացավ որդին, այնուհետև պտտվեց ու բարձի տակից հանեց ևս մի քանի մանրադրամներ: Հայրը, տեսնելով, որ որդու մոտ էլի գումար կա, նորից բարկացավ, իսկ որդին շարունակում էր ժպտալով դասավորել ամբողջ գումարը:
-Ինչո՞ւ էիր դու ինձանից գումար ուզում, եթե այն քո մոտ կար,-բարկացած տոնով հարցրեց հայրը:
-Որովհետև իմ մոտի գումարը պակասություն էր անում, իսկ հիմա այն պատրաստ է: Պապ, այստեղ ուղիղ 1000 դրամ է, կլինի ես գնեմ քո աշխատանքային մեկ ժամը, խնդրում եմ, վերցրու այս գումարը, ու վաղը մեկ ժամ շուտ արի տուն, ես ուզում եմ, որ վաղը մենք միասին ընթրենք...
Պարզապես ուզում եմ հիշեցնեմ, որ մեր կյանքը շատ կարճ է, որպեսզի այն ամբողջությամբ անցկացնենք աշխատելով: Չպետք է թույլ տանք, որ այն հոսի մեր մատերի արանքով, և պետք է այդ կյանքը անցկացնել նաև այն մարդկանց հետ, ովքեր մեզ համար թանկ են, ովքեր մեր կարիքն են զգում: Եթե մենք վաղը չլինենք, ապա այն կառույցը, որտեղ աշխատում ենք, շատ շուտ նոր փոխարինող կգտնի, և միայն մեր ընտանիքի, հարազատների ու ընկերների համար մեծ կորուստ կլինի, որը նրանք կհիշեն ամբողջ մնացյալ կյանքի ընթացքում: Մտածիր այդ մասին: Չէ՞ որ մենք ընտանիքին ավելի քիչ ժամանակ ենք հատկացնում, քան աշխատանքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել