«Ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածքում, որտեղ ՌԴ-ն ու Արևմուտքը պատրաստ են միասին գործել: Այդ մասին ասվում է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում Camegie.ru-ում հրապարակված հոդվածում, որի հեղինակն է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: «Ի տարբերություն այլ հետխորհրդային թեժ կետերի, Լեռնային Ղարաբաղում երբեք չեն եղել խաղաղապահներ՝ ոչ ռուս, ոչ միջազգային, իսկ հրադադարը պահպանվել է ուժերի բալանսով»,- ասվում է հոդվածում: Հեղինակը նշում է. որ ղարաբաղյան հակամարտությանը բնորոշ է բանակցությունների և հրադադարի խախտումների հաջորդականությունը: «Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտություններն այս կամ այն առումով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայություն... Միայն ղարաբաղյան հակամարտությունը ոչ ՌԴ-ն, ոչ Արևմուտքը երբեք չեն որակել որպես աշխարհաքաղաքական դիմակայության մաս»,- ասվում է հոդվածում: «ԱՄՆ-ն և ԵՄ-ն սատարել են և սատարում են ընդունված ձևաչափից բացի, որտեղ որպես միջնորդներ հանդես են գալիս ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահները ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն, նաև եռաչափ գագաթաժողովները, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ»,- ասվում է հոդվածում: Ըստ նրա, զարմանալի չէ, որ ղարաբաղյան հակամարտության համար հիմք էին ծառայում այսպես կոչված հիմնարար սկզբունքները: Ըստ էության, դրանք Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզերն են, որոնք փոխզիջումային են Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև: «Հիմնարար սկզբունքներում նախանշված են կարգավորման առանցքային թեմաներն ու հնարավոր փոխզիջումային շրջանակը: Դա գործնականում գործակցության եզակի ձևաչափ է»,- ասվում է հոդվածում: «Նման գործակցությունը շեշտակիորեն նվազեցնում է ռիսկերը ղարաբաղյան հակամարտության մեջ: Երևանն ու Բաքուն այլ պայմաններում ստիպված են ձեռնպահ մնալ չմտածված քայլերից: Հակառակ դեպքում՝ նրանք ընտրություն չեն ունենա Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, ստիպված կլինեն երկուսի թշնամիները դառնալ, իսկ դա հղի է հետևանքներով: ՌԴ և Արևմուտքի առճակատումը ղարաբաղյան գործընթացից դուրս դրդում է Բաքվին ու Երևանին ստուգելու մոդերատորների ամրությունը»,-ասվում է հոդվածում: «Սրման դեպքում չի բացառվում, որ գործողությունները ԼՂ տարածքից կարող են ծավալվել նաև բուն ՀՀ տարածքում: Մոսկվայի համար դա լրացուցիչ տհաճ հարցեր է առաջացնում Բաքվի հետ հարաբերություններից մինչև եվրասիական ինտեգրման նախագծերի ամբողջականություն, որոնց մասնակիցները հազիվ թե համերաշխ դիրքորոշում որդեգրեն, ինչպես Աբխազիայի կամ Ղրիմի դեպքում էր: Արևմուտքի համար լայնածավալ հակամարտությունը ռազմավարական Բաքու- Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հարևանությամբ, Իրանի և Թուրքիայի միջամտության մշուշոտ հավանականությամբ, լավագույն հեռանկարը չէ: Դա նշանակում է, ուր ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ և Արևմուտքի համար լուրջ խթան է ստեղծում գործակցության համար»,-ասվում է հոդվածում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: