Պատասխան - Ս. Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է, որ կինը պարտավոր է գլուխը ծածկել աղոթելիս, որովհետև «… վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղոթքի կանգնել Աստծու առաջ» (Ա Կորնթ. 11:13): «… Կինը պարտավոր է քող դնել գլխին, հրեշտակների պատճառով» (Ա Կորնթ. 11: 10): Ինչպես տեսնում ենք, կնոջ՝ գլուխը ծածկելը եկեղեցում ունի ավետարանական լուրջ հիմնավորում: Ավետարանական այս պատգամի գործադրումով կանայք ու աղջիկները ցուցաբերում են հնազանդություն, խոնարհություն ու համեստություն ոչ միայն առաքելական խոսքին, այլ հենց ուղղակի Աստծուն, քանի որ ավետարանական յուրաքանչյուր տող ու պատգամ գրվել է Աստծո սուրբ հոգով: Եթե մենք ունենք պատկառանք ու երկյուղ Աստծո տուն մտնելիս, որքան ևս առավել պետք է պատկառանքով ու խոնարհությամբ ծածկենք մեր գլուխը Նրա առջև աղոթելիս, ում ահից «քերովբեները թևասքողվում են, սերովբեները սարսելով ամփոփվում իրենց մեջ, իսկ տերություններն ու պետությունները չեն համարձակվում նայել»,- ասում է Ս. Խոսրով Անձևացին` երկրորդելով Ս. Պողոս առաքյալի` վերը նշված խոսքը: Բացի դրանից՝ շատ խորհրդավոր ու գեղեցիկ է, երբ Ս. Պատարագի խորհրդի ժամին եկեղեցում աղոթքի կանգնած կանայք ու աղջիկները գլխաշոր են կրում: Ուստի կանայք և աղջիկները չպիտի խորշեն եկեղեցում գլխաշոր կրելուց, խոնարհաբար ծածկեն իրենց գլուխները Աստծո առջև աղոթելիս, որպեսզի Նա, տեսնելով նրանց հնազանդությունը, ունկնդիր լինի նրանց աղոթքներին և կատարի նրանց բարի ու ազնիվ խնդրանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: