Lragir.am-ը գրում է.
Քուրդիստանում ու Կատալոնիայում տեղի ունեցան անկախության հանրաքվեներ: Քուրդիստանում Իրաքի իշխանությունը չմիջամտեց, իսկ Կատալոնիայում Իսպանիայի ոստիկանության ուժերը փորձեցին տապալել հանրաքվեն, համաձայն Գերագույն դատարանի որոշման, ըստ որի՝ հանրաքվեն հակասահմանադրական էր:
Կատալոնիայում ոստիկանությունն ուժ է կիրառել, կան հարյուրավոր տուժածներ: Ըստ տեղական ԶԼՄ-ների, ոստիկանությունն առգրավել է մոտ 700 հազար քվեարկված քվեաթերթիկներ: Կատալոնիան հայտարարում է մասնակիցների 90 տոկոս այո-ի մասին, Մադրիդը հայտարարում է, որ հանրաքվեն չի կայացել:
Կատալոնիան անկախության համար շարժումը սկսել է վաղուց: Երեկվա իրադարձությունները, ինչպես նշում են փորձագետները, ավելի կմեծացնի ճեղքվածքը Բարսելոնայի ու Մադրիդի միջեւ:
Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները Իսպանիայում, ինչպե՞ս է հանգուցալուծվելու հին աշխարհակարգի ու սահմանների փլուզման ներկայիս ժամանակաշրջանում տարածքային ամբողջականության ու ինքնորոշման միջազգային ընդունված սկզբունքների «բախումը»:
Ակնհայտ է, որ նոր աշխարհակարգի կերտման գործընթացի շարժիչ ուժերից մեկը ինքնորոշման սկզբունքն է: Հետխորհրդային տարածքում, ներկայում Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները դրա վկայությունն են: Այս միտումն ըստ էության չի կարող շրջանցել Եվրոպան, որտեղ արդեն կան նախադեպեր ու հանրաքվեներ՝ Կոսովո, Կատալոնիա, Շոտլանդիա, Բելգիա եւ այլն:
Այս միտումներն ավելի են խորացնում ներկայիս աշխարհակարգի եւ միջազգային իրավունքի ճգնաժամը, թեեւ շատ տարածաշրջաններում արդեն այս կանոնները չեն գործում, ինչպես ասել է Լավրովը՝ կանոններ այլեւս չկան: Առավել եւս, որ չկան խնդիրների կարգավորման նոր եւ ունիվերսալ կանոններ, ավելի ճիշտ՝ դրանք դեռ չեն հաստատվել:
Կատալոնիայի հանրաքվեն այս գործընթացի «հանգրվաններից» մեկն է: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել