Մահացել է Ազգային անվտանգության նախկին պետ Գորիկ Հակոբյանը, ով վերջին տարիներին ՀՀ նախագահի խորհրդականն էր։ Նա վախճանվել է երկարատև հիվանդությունից հետո։ Գորիկ Հակոբյանը, մեծ հաշվով, բավականին հակասական կերպար էր, իսկ Ազգային անվտանգությունը, որը հայ հասարակության կողմից ասոցացվում էր ռուսական «КГБ»-ի հետ, այնքան էլ հաճելի հիշողություններ չի արթնացնում մարդկանց մեջ։ Խոսքը, սակայն, քիմքի մասին չէ։ Պետական պաշտոնը, այն էլ՝ ուժային կառույցների տեսքով, բավականին բարդ հաստիք է, ու այնտեղ աշխատող մարդիկ, բնականաբար, չեն կարող առաջնորդվել էմոցիաներով կամ ընկալվել որպես հուրի-փերի։ Սակայն դրա փոխարեն պետք է անմնացորդ ծառայեն Հայաստանի Հանրապետությանն ու գոնե գործով ապացուցեն իրենց պիտանելիությունը։ Թե ինչքանով կարողացավ Գորիկ Գուրգենիչն արդարացնել իրեն Հայաստանի ամենագլխավոր ուժային կենտրոններից մեկի (եթե ոչ ամենագլխավորի) գերատեսչությունը ղեկավարելիս, կթողնենք՝ հասարակությունը գնահատի։ Համենայն դեպս, մեր հիշողություններում նա կմնա որպես կոշտ, տեղ-տեղ՝ բռի լեքսիկոնով անձնավորություն, ով մեկ անգամ չէ, որ լրագրողների հետ խոսելիս կոպտել է վերջիններիս։ Դե իսկ Հայաստանում մեկ իրադարձություն չէ, որ վրիպել է Ազգային անվտանգության ծառայության աչքերից, թեկուզ հենց տխրահռչակ Վահան Մարտիրոսյանի այցը Բաքու, բազմաթիվ անմեղ մարդկանց գաղտնալսումներն ու դրանց հիման վրա ձերբակալությունները։ Եվ դա է պատճառը, որ այսօր, երբ նրան հողին են հանձնում, արձագանքները, ցավոք, այնքան էլ դրական չեն, ու նույնիսկ չի օգնում «Մեռնողի հետևից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ» արտահայտությունը։ Բայց մենք մեր կողմից ասում ենք՝ հողը թող թեթև լինի, ամեն դեպքում, մարդը շատ դժվար պաշտոն է զբաղեցրել, ու միգուցե իսկապես կան գործեր, որոնց մասին մենք չգիտենք կամ չենք իմանա, սակայն դրանից շատ բան է կախված եղել Հայաստանի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: