Կարդացի, որ Վազգեն Մանուկյանը, առհասարակ, լեզվի թեմայով վերջին քննարկումների վերաբերյալ նշել է հետևյալը. «Լեզուն ինքը լիովին քաղաքականություն է»:
Անհերքելի ու հիմնավոր մոտեցում է: Լեզուն մշակութաստեղծ և մշակութի տարածման կարևորագույն գործիք է, աշխարհընկալման առանցքային մեխանիզմ: Մշակույթն իր հերթին քաղաքականություն է՝ «փափուկ ուժի» հիմք: Լեզվական և մշակութային ներկայացվածության առաջնային միջոցը կրթությունն է, մինչդեռ օտարալեզու կրթությունն արդյունավետ մեխանիզմ է՝ տարածելու օտար մշակութային կոնտենտը, արժեքները, ընկալումները, վարքաձևերը, շահերը: Դա իրականում նորմալ է, իսկ մշակութային գործիքակազմն արդեն վաղուց առանց պատերազմի պետություններ «գրավելու» լավագույն մեխանիզմներից է:
Այսօր ՀՀ-ում գործում են օտարերկրյա բազմաթիվ բուհեր կամ դրանց հայաստանյան մասնաճյուղեր՝ ամերիկյան, սլավոնական, ֆրանսիական և այլն: Տարբեր դեսապանատներին կից կան կրթական ու հետազոտական կենտրոններ, լեզվի խորացման կառույցներ, կրթական փոխանակման ծրագրեր, մշակութային միջոցառումների կազմակերպման գրասենյակներ: Այսօր ՀՀ-ում կան լեզվական խորացված թեքումով մի շարք դպրոցներ (անգլիական, ֆրանսիական, ռուսական, պարսկական և այլն): Ներկայումս շինաշխատանքեր են տարվում չինական դպրոց կառուցելու ուղղությամբ:
Որքան էլ մենք փորձենք մեր պատկերացրած ազգայինը պահել, պետք է հստակ գիտակցենք, որ գլոբալ մշակութային փոխներգործության կոնտեքստում մենք պետք է մրցենք/հակադրվենք դրսի բոլոր ներթափանցումների հետ: Այսինքն՝ պետք է ունենանք կենսունակության ահռելի մեծ ներուժ կամ մարգինալացվենք:
Ունե՞նք այդքան ռեսուրսներ և արդյո՞ք դա մեզ համար շահեկան է: Հավանաբար, ոչ:
Ինչպե՞ս պետք է պահենք ազգայինը... Հավանաբար, գործակցելով դրսի միտումների հետ՝ ազգայինը շուկայում դարձնելով կոմերցիոն առումով մրցունակ...
Այս ճանապարհով բազմաթիվ պետություններ են անցել և այսօր մեզանում հնչեցված հարցադրումները նրանց պարագայում ամեն մեկի մասով յուրովի պատասխանների են արժանացել...
Մյուս կողմից՝ պետք է ընդունել, որ անտիկ շրջանից արդեն, մշակույթը, լեզուն, հավատք/կրոնը եղել են քաղաքականության գործիքներ և քաղաքական ներկայության արդյունավետ մեխանիզմներ: Ներկա աշխարհում այս առումով, հավանաբար, շատ բան չի փոխվել:
Այստեղ հիմնական հարցադրումը միգուցե այլ պետք է լինի. մենք՝ որպես փոքր երկրի քաղաքացիներ, ինչպես սոցիալ-կենցաղային, այնպես էլ քաղաքական ու քաղաքակրթական հիմքերից ելնելով, դատապարտված ենք տիրապետել մի շարք լեզուների (հիմա նաև չինարենի): Դա մեր անվտանգության ու միջազգային իրողություններում ճկունության ապահովման կարևոր գործիքներից կարող է դառնալ՝ տալով շոշափելի արդյունքներ ինչպես անհատական, այնպես էլ ինչ-որ մի հանգրվանում հավաքական առումներով:
Հ.Գ. Օտար լեզուների զարգացման ռազմավարությունների փոխարեն նախ դպրոցներում ռուսերենի ու անգլերենի դասավանդումը պատշաճ մակարդակի վրա է պետք դնել, որ բուհերում չպարզվի, որ ուսանողների մեծագույն մասը ցածրագույն հմտություններ ունեն այդ լեզուներից: