Ամերիկացի գրող, հասարակական գործիչ և նատուրալիստ Հենրի Դեյվիդ Թորոն (1817-1862) 1849թ.-ին հրապարակված «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» («Resistance to Civil Government» կամ «Civil Disobedience») էսսեում հայտնում է իր այն համոզմունքը, որ մարդիկ չպետք է թույլ տան իշխանություններին տիրել իրենց գիտակցությանը և չպետք է զիջումների գնան, որպեսզի զոհ չգնան քաղաքացիական անարդարությանը: Էսսեի հրապարակումից հետո Թորոն բացահայտ կերպով հրաժարվում է հարկերի վճարումից, ինչի համար և կարճ ժամանակով ազատազրկման է դատապարտվում: Ստորև բերում ենք հիշյալ երկի նախաբանի թարգմանությունը, ոչ թե ներկայիս ընդդիմադիր տրամադրություններին տուրք տալու, այլ պարզապես ամենքիդ օգտակար խորհրդածության հրավիրելու համար:
- Ինձ չափազանց հոգեհարազատ է հետևյալ կարգախոսը. «Այն իշխանությունն է լավը, որն ամենակարճն է իշխում»: Ես կցանկանայի, որ այս կարգախոսն իրագործվեր ավելի հաճախ ու սիստեմավորված կերպով: Եթե ավելի խորը դիտելու լինենք, այս միտքը, հավատացած եմ, մեզ կառաջնորդի հետևյալին. «Այն իշխանությունն է լավը, որն ընդհանրապես չի իշխում»: Եվ երբ մարդիկ գիտակցեն նման իշխանություն ունենալու անհրաժեշտությունը, այն ժամանակ էլ կգա այսպիսի իշխանության ժամանակը: Իշխանություններն իրենց կատարյալ մոդելում լավագույն դեպքում՝ նպատակահարմար են, ինչը սակայն չի կարելի ասել գոյություն ունեցող գրեթե բոլոր (եթե ոչ բոլոր) իշխանական վարչակարգերի մասին: Մշտական բանակի պահպանման դեմ ցույցերը կարծում եմ պետք է ուղղել նաև իշխանական պաշտոնյաների մշտական բանակի դեմ: Մշտական բանակը մշտական իշխանության սոսկ մի ձեռքն է: Իշխանությունն ինքնին, լոկ մարդկանց կողմից իրենց կամքը կատարելու համար ընտրված միջոց է, որը հավասարապես հակված է խաբելու իր հրամանով գործող մարդկանց և խաբվելու նրանց կողմից:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ամերիկյան իշխանությունը (կարելի է այս միտքը հավասարապես տարածել հայկական իշխանությունների վրա - ծան. հեղ.), եթե ոչ վաղ անցյալում ստեղծված և արդեն քարացած մի ավանդություն, որն ամեն ակնթարթ կորցնում է իր ամբողջականության մի մասնիկը և ցանկանում է իրեն այդ խարխուլ վիճակով փոխանցել հետագա սերունդներին: Եթե մեկ մարդը կարող է ենթարկել իրեն իշխանությունը, ապա այն զրկված է կենսունակությունից և ուժից: Ժողովրդի համար սա ասես փայտե հրացան լինի. անպետք լինելով այն չի դադարում մարդկանց համար անհրաժեշտ լինելուց, որովհետև մարդիկ, այնուամենայնիվ, ցանկանում են կյանքի կոչել իշխանության մասին իրենց գաղափարը: Հենց այս հանգամանքն է, որ հնարավորություն է տալիս իշխանություններին հիմարեցնել մարդկանց և իրենց իսկ, եթե դա է պահանջում շահը: Դե ի՞նչ, մի՞թե հիանալի չէ: Ըստ որում, իշխանությունները օրինաչափ կերպով իրենք ոչինչ չեն անում, այլ հաճույքով խուսափում են աշխատանքից: Իշխանությունը չէ, որ պահպանում է երկրի անկախությունը կամ կրթություն է տալիս ժողովրդին, ավելին ժողովուրդը կարող էր անել շատ ավելին, եթե իշխանությունները չխոչընդոտեին նրան այդ ճանապարհին: Իշխանության համար շահեկան է, երբ մարդիկ պառակտված են, իսկ ավելի լավ են զգում իրենց, երբ ենթակաների մասին առհասարակ կարելի է չմտահոգվել (չեմ դիմանում, քիչ է մնում՝ ամեն տողն ընդգծեմ - հեղ.): Գործարարությունն ու առևտուրը միայն իրենց ճկունության շնորհիվ է, որ կարողանում են հաղթահարելի իրենց ճանապարհին իշխանությունների կողմից համառորեն հարուցվող արգելքները:
Դիտելով ներկա իրականությանը առողջ դատողության դիրքերից՝ ես՝ իբրև քաղաքացի, չեմ հանդիսանում իշխանության գոյություն ունենալու ընդհանուր գաղափարի հակառակորդը, բայց կոչ եմ անում այժմ իսկ մտահոգվել ավելի լավ իշխանություն ունենալու մասին: Եթե յուրաքանչյուր մարդ սկսի խորհել, թե ինչպիսի՞ կառավարությունը կհարուցեր իր հարգանքը՝ սա արդեն քայլ կլիներ դեպի նման իշխանության ստեղծումը:
Ես կարծում եմ, որ մենք նախևառաջ պետք է մարդ լինենք, դրանից հետո արդեն՝ իշխանության հպատակներ: Միակ պարտավորությունը, որ ես պատրաստ եմ ստանձնել՝ դա ամեն պահի խղճի մտոք և արդար վարվելն է: Ճշմարիտ է ասված, թե հասարակությունը խիղճ չունի, սակայն խիղճ ունեցող մարդկանց հասարակությունը կարող է բարեխիղճ հանրություն լինել: Եթե մոռանանք մեր խիղճը, ապա կծառայենք իշխանությանը մեր մարմիններով, մեքենայաբար ստեղծելով բանակ, ոստիկանություն և այլ կառույցներ: Մեծամասնությունը կկորցներ իր բարոյականությունը և ազատ դատելու կարողությունը, իջնելով անշունչ փայտի կամ քարի մակարդակին: Եթե հնարավոր լիներ փայտե մարդկանց պատրաստել, նրանք միևնույն հաջողությամբ կծառայեին հիշյալ նպատակներին: Նման մարդիկ ոչնչով չեն տարբերվում նյութական ունեցվածքից, բայց արի ու տես, որ իրենց բարի ու ազնիվ քաղաքացիներ են համարում: Օրենսդիրները, քաղաքական գործիչները, իրավաբանները, հոգևորականներն ու այլ պաշտոնյաները ծառայում են պետությանը առավելապես իրենց գլխով և քանի որ հազվադեպ են պահպանում բարոյականության թույլատրելի սահմանները, ինձ թվում է, թե նրանք ավելի շուտ սատանային են ծառայում, քան՝ Աստծուն և անգամ ջանք էլ չեն գործադրում սա թաքցնելու համար: Քչերը՝ հերոսները, հայրենասերները, մարտիրոսները և ճշմարիտ բարենորոգիչներն են միայն, որ խղճով են ծառայում պետությանը և հաճախ անհրաժեշտության դեպքում ընդդիմանում են իշխանության խախտումներին, ահա թե ինչու հաճախ նրանց պետության թշնամիներ են համարում: Իմաստունը կարող է պիտանի լինել պետությանը միայն իր մարդկային որակներով և չի հանդուրժի, եթե իրեն փորձեն ինչ-որ մի անցքի համար խցան դարձնել, պարզապես, որ այնտեղից «քամի չփչի»: Ծայրահեղ դեպքում նա պարզապես մի կողմ կքաշվի...
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/04/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել