«Երևանի բնակչության մեջ, սակայն, գոյություն է ունեցել մի խոշոր չարիք, որ մեծ դժբախտությունների պատճառ է եղել ժողովրդի տնտեսական բարեկեցության համար։ Դա շատ մեծ տոկոսներով և վաշխով դրամ փոխ տալու ու առնելու սովորությունն ու կարգն է եղել, որ ո՛չ ամոթ է համարվել, ո՛չ էլ կառավարության ու օրենքի կողմից արգելքի հանդիպել: Երևանի թե՛ մահմեդական և թե՛ քրիստոնեա հասարակությունների մեջ եղել է մի դասակարգ, որ հատկապես պարապել է վաշխառությամբ և դրա միջոցով մեծ հարստություն է դիզել, տների, այգիների, գյուղերի և այլ մեծամեծ անշարժ կալվածքների տեր դարձել: Վայը եկել, տարել է այն մարդուն, որ մի անգամ այդ վաշխառուների ճանկն է ընկել. նա, մի անգամ տոկոսով փոխ առնելով այդպիսիններից մի որոշ գումար, այլևս չի կարողացել նրա տակից դուրս գալ, մինչև որ դառն աղքատության է մատնվել, այնքան մեծ է եղել վաշխը կամ, ինչպես այն ժամանակներում ասվել է, «վերադիրը»:
Մեր ձեռքին գտնվում է մի ձեռագիր հիշատակարան, որի մեջ պատմվում է վրաց Հերակլ արքայի՝ դեպի Երևան կատարած արշավանքի մասին: Երևանի Հուսեյն Ալի խանը վրաց արքայի՝ Երևանի բերդն անհաջող պաշարելուց ու հեռանալուց հետո (1779), կալանավորել է քաղաքի տասը հայ երևելիներին, չարչարել է նրանց և պահանջել մեկից 5 հարյուր թուման, մեկից՝ 300, մեկից՝ 200, մեկից՝ 100՝ պատճառ բռնելով, որ նրանք են դաշնադիր եղել արքայի հետ և հրավիրել Երևան: Հայերը, չկարողանալով այդ ծանր տուգանքը վճարել, նեղն են ընկել և «ծանր վերադիրով» դրամ փոխ առել տաջիկներից ու վճարել տուգանքը: Սակայն նրանք դրանով, մեկ վտանգից ազատվելով, ընկել են մի ուրիշ ավելի դաժան վտանգի մեջ: Պարտքի վերադիրն այնքան խոշոր է եղել, որ նրանք թեև տուն-տեղ և բոլոր իրենց ստացվածը վճարել են, բայց չեն կարողացել պարտքի տակից դուրս գալ և ընկել են դառն չքավորության մեջ»:
Երվանդ Շահազիզ, «Հին Երևանը», 1931