«Օրերս «Ժամանակ» թերթը գրեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ապարան քաղաքում ՀՀԿ-ն որոշել է առաջադրել «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանին: ՀՀԿ-ում գտնում են, որ Եղիազարյանը երիտասարդ ու խոստումնալից կադր է, հաջողակ ու հետաքրքիր բիզնեսմեն, բացի դա իր մարդկային որակներով ընդունելի է ապարանցիների համար՝ նրան հարգում և ընդունում են:
Ու քանի որ ամենայն հավանականությամբ Ապարանում բացի ՀՀԿ-ի թեկնածուից, այլ քաղաքական ուժեր իրենց թեկնածուներին կարող են և չառաջադրվել, հետևաբար, ով էլ լինի ՀՀԿ-ի թեկնածուն, նա էլ կդառնա համայնքապետ: Կարեն Եղիազարյանի հետ կապ հաստատել և այս թեմայով զրուցել մեզ այդպես էլ չհաջողվեց: Բայց փոխարենը տեղեկացանք, որ Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուի շուրջ «մի թեթև» խնդիր կա:
Ըստ մեր հավաստի աղբյուրներից ստացած տեղեկությունների, Կարեն Եղիազարյանի թեկնածությանը սատարում են Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, որը Կարեն Եղիազարյանին ընդունում է հարազատի պես ու շատ է հարգում: Մեր զրուցակիցը նշում էր, որ Եղիազարյանի թեկնածությանը համաձայն են նաև մարզպետը, անգամ՝ Ապարանի գործող քաղաքապետը: Վերջինս, ի դեպ, ասել էր, որ հավանաբար ինքը չի առաջադրվի:
Բայց Եղիազարյանի թեկնածությունը, ինչպես նշում է մեր աղբյուրը, ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սրտով չէ: Ըստ մեր աղբյուրի՝ Սահակյանը փորձում է Արագածոտնի տարբեր համայնքներում որպես ՀՀԿ-ի թեկնածուներ առաջադրել իր վստահելի մարդկանց, ու այս անհամաձայնությունն անհասկանալի իրավիճակ է ստեղծել:
Եվ դա է պատճառը, նշում է մեր աղբյուրը, որ Կարեն Եղիազարյանի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել մինչ օրս չի հաջողվել: Ու քանի որ ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ում խիստ կարևորում են, չեն ցանկանում, որ բանը հասնի ակնհայտ ու սուր դիմակայության: Այդ իսկ պատճառով, կոնկրետ Ապարանի դեպքում թե ով կլինի համայնքապետի ՀՀԿ-ական թեկնածուն՝ որոշելու է ՀՀԿ վերնախավը՝ ամենաբարձր մակարդակով:
«Ընդհանրապես մարզային կառույցը պետք է առաջարկի թեկնածուներ, բայց վերջնական որոշումը կայացնելու է ամենագլխավորը: Հիմա բոլորը սպասում են ամենագլխավորի վերջնական որոշմանը: Ու քանի դեռ այդ որոշումը չկա, հավանական թեկնածուներից և ոչ մեկի, հատկապես Կարեն Եղիազարյանի՝ մամուլի հետ շփումները ցանկալի չեն»,- նշում է մեր աղբյուրը:
Այս հակասության մասին տեղեկությունների կապակցությամբ պարզաբանում ստանալու համար armtimes.com-ը դիմեց ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Ապարանում համայնքապետի ՀՀԿ թեկնածուի հետ կապված վերջնական որոշում դեռ չկա: Իսկ ինչ վերաբերում է Կարեն Եղիազարյանի հնարավոր առաջադրմանը և այդ հարցի առնչությամբ իր անհամաձայնությանը, ապա Սարգիս Սահակյանն ընդգծեց՝ «Ես ցանկացած առաջադրում նորմալ եմ ընդունում: Իսկ որ ես կողմ չեմ Կարեն Եղիազարյանի թեկնածությանը, դա հիմնավոր չէ, ճիշտ չէ՝ չկա նման բան: Մենք դեռ քննարկում ենք թեկնածուների հարցը, ու երբ վերջնական որոշում լինի, մենք կհայտնենք»:
Այնուհետև Սարգիս Սահակյանը նշեց, թե վերջնական որոշում կկայացվի առաջիկա օրերին: Մինչ այդ, իհարկե, հնարավոր չէ գուշակել, թե որ կողմին կհաջողվի իր ցանկալի մարդուն դարձնել Ապարանում համայնքի ղեկավարի ՀՀԿ թեկնածու, առավել ևս, որ հարցը դուրս է եկել զուտ մարզային կառույցի քննարկման տիրույթից ու ավելի բարձր մակարդակի քննարկման տիրույթ է տեղափոխվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել