Մի երկրում, որտեղ ընդդիմադիր ուժերը տարիներ շարունակ քննարկում եւ փորձում են պարզել, թե իրենցից ով է կեղծ, ով` իսկական ընդդիմություն, իսկ հետո հայտարարում են, թե նախընտրական դաշինքը չստացվեց, բայց անպայման հետընտրական դաշինքը կստացվի...
Մի երկրում, որտեղ այդպես էլ չես հասկանում, թե ի վերջո, ինչպես են ընդդիմադիր ուժերը գնահատում նախագահական ընտրությունների արդյունքները, քանզի այդ ընտրություններից հետո նրանք «պոչ են խաղացնում» եւ այդպես էլ չեն հայտնվում հրապարակում...
Մի երկրում, որտեղ ընդդիմադիր ուժերը փարիսեցիաբար հայտարարում են, թե իշխանության թեկնածուն չի հաղթել, իսկ հետո իրենց ակտիվիստներին քսի են տալիս հաղթած ընդդիմադիր թեկնածուի վրա...
Մի երկրում, որտեղ ընդդիմադիր ուժերը հայտարարում են, թե կողմ են «հանգրվանային պայքարին», իսկ հետո շարունակում է խոսել վերացական «ամբողջական իշխանափոխության» մասին...
Մի երկրում, որտեղ «ոչ իշխանական ուժերին» շփոթում ես իշխանության հետ, քանզի նրանք «արթնանում» են միայն նախընտրական շրջանում...
Մի երկրում, որտեղ «ոչ իշխանական ուժերը» նախընտրական շրջանում «բոչկա են գլորում» իրար վրա` այդ կերպ նպաստելով իշխանության վերարտադրությանը...
Մի երկրում, որտեղ ունենք այսպիսի «ընդդիմություն», մեզ, մեղմ ասած, լավ ապագա չի սպասվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել