Հիսուսը, այնտեղից ելնելով, եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանան գետի հանդիպակաց կողմը. ժողովուրդը դարձյալ խռնվեց նրա շուրջը, և նա իր սովորության համաձայն, նորից ուսուցանում էր նրանց։ Փարիսեցիները Հիսուսին փորձելու մտադրությամբ մոտեցան նրան և հարցրին.
-Մեր Օրենքի համաձայն՝ մեկն իրավունք ունի՞ արձակելու իր կնոջը։
Հիսուսը պատասխանեց նրանց.
-Մովսեսն ի՞նչ օրենք սահմանեց ձեզ համար։
Նրանք պատասխանեցին.
-Մովսեսը մեզ թույլատրեց բաժանման թուղթ տալ կնոջը և արձակել նրան։
Հիսուսն ասաց նրանց.
-Մովսեսը ձեր խստասրտության պատճառով սահմանեց այդ օրենքը։ Սակայն սկզբից, արարածների արարչագործության ժամանակ, Աստված «արու և էգ ստեղծեց մարդկանց» և նրանց ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»։ Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Արդ, որևէ մեկը թող չբաժանի նրանց, որոնց Աստված միացրեց։
Աշակերտները տան մեջ նույն նյութի շուրջ դարձյալ հարց տվեցին Հիսուսին։ Նա պատասխանեց.
-Ով որ իր կնոջն արձակի և մեկ ուրիշին առնի, շնություն արած կլինի առաջինի դեմ։ Կինն էլ, եթե իր ամուսնուց արձակվելուց հետո մեկ ուրիշի հետ ամուսնանա, կշնանա։
(Մարկոսի ավետարան 10:1-12)
Ձեր հանդեպ Աստծու նախանձախնդրությամբ լցված՝ ուզում եմ, որ միայն Քրիստոսին սիրեք, ինչպես մաքուր մի կույս, որն իր սերը վերապահում է նրան, ով իր ամուսինն է լինելու։ Բայց վախենում եմ, որ ձեր միտքն ապականվի, և հեռանաք Քրիստոսի հանդեպ ամբողջական և մաքուր նվիրումից, ճիշտ այնպես, ինչպես Եվան խաբվեց օձի խորամանկ ստերից։ Վախենում եմ, որ նույնքան հեշտությամբ ընդունեք որևէ մեկին, եթե նա գա ու ձեզ քարոզի մեր քարոզածից տարբեր մի փրկչի, ձեր ստացած Հոգուց տարբեր մի հոգի կամ ձեր ընդունած Ավետարանից տարբեր մի ավետարան։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 11:2-4)