Անկախության նկատմամբ պարտքի զգացումը երևի թե մեր իշխանությունների ամենամեծ բացթողումն է՝ սկսած 1991 թվականից մինչ այսօր, որ նրանք այդպես էլ կա՛մ չկարողացան, կա՛մ էլ թերացան սերմանել հայ ժողովրդի մեջ։ Եվ ուրեմն՝ այդ գործընթացը մնացել է մեզ վրա, ու ամեն ինչ պետք է անել դա ավելի կատարյալ դարձնելու համար։ Թե ինչու չի ստացվել, դրա վերաբերյալ ավելի լավ կարտահայտվեն պատմաբանները, սակայն զուտ քաղաքակրթական առումով հազարամյակներ շարունակ չունենալով անկախություն՝ Հայաստանը պարզապես դադարել է ընկալել դրա արժեքը, այլ կերպ ասած՝ ինչքան էլ որ անսվորոր լինի, մեր ժողովուրդը դեռևս անկախության պատրաստ չէ ու դժվար է համակերպվում դրա հետ։ Սովոր չէ։ Օրինակ՝ Իսրայելն էլ նոր պետություն է, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացած պետություն, որտեղ, սակայն, գիտակցում են, թե որտեղ են ապրում, ինչ խնդիրներ ունեն ու ինչպիսի թշնամիներ ունեն։ Հայաստանը նույնպես թշանմիների պակաս չունի, սակայն հանրային ներդաշնակությունը լինում է միայն այն ժամանակ, երբ դրա կարիքը զգացվում է օդի ու ջրի պես։ Բայց դա պետք է դառնա կենսակերպ, ապրելաձև, կենցաղ, և այդ պարագայում մենք կարող ենք շատ ավելի լավ ու ամուր Հայաստան ունենալ։ Հայաստանն իսկապես մանրամասն սիրելու երկիր է ու Հայաստանը գրավիչ է իր թերություններով, դժվարություններով հանդերձ։ Սա պիտի հասկանա յուրաքանչյուր հայաստանցի, ու այդ պարագայում ամեն ինչ կընկնի իր տեղը։ Սա է մեր բեռը, մեր խաչը, որը պարտավոր ենք տանել մինչև վերջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: