Armtimes.com-ը գրում է.
«Կարիբյան ծովի ծովահենները», «10 հազար տարի մ.թ.ա.», «Ճամբար X-Ray» եւ մի շարք այլ հոլիվուդյան ֆիլմերում հանդես եկած ազգությամբ հայ դերասան Մարկո Խանն (Խանլյան) առաջին անգամ Հայաստանում է: Հայրենիք է այցելել ‹Ծագումով հայեր›› հաղորդաշարի հրավերով՝ նախագծի 10-ամյակին նվիրված հոբելյանական համերգին մասնակցելու: Մնալու է մոտ 1 շաբաթ, սակայն նախատեսում է վերադառնալ որքան հնարավոր է շուտ: Armtimes.com-ի հետ հարցազրույցում նա խոսեց հայրենիք կատարած այցի, անցած ուղու, հոլիվուդյան հայտնի դերասանների հետ աշխատելու, անձնական կյանքի, ինչպես նաեւ ապագա ծրագրերի մասին:
- Առաջին անգամ եմ այստեղ: Ես իսկապես սիրահարվել եմ Հայաստանին: Զգում եմ, որ տանն եմ, զգացողություն ունեմ, որ վերջապես տուն եկա: Շատ կուզենայի Հայաստանում ապրել: Այս այցը չի բավականացնի, որ կարոտս առնեմ: Նորից եմ գալու գուցե 6 ամիս կամ 1 տարի հետո, որովհետեւ շատ եմ ծանրաբեռնված աշխատանքով: Բայց, երբ ժամանակը գա, Հայաստան եմ գալու, տուն գտնեմ ու ապրեմ այստեղ: Շատ կուզենայի դերասանական դպրոց բացել այստեղ, օգնել կատարելագործել դերասանական վարպետությունը, եւ նպաստել հայկական կինոարտադրության զարգացմանը: Ուզում եմ փորձել դրսից ընկերներ բերել ՝ ռեժիսորներ, սցենարիստներ... որ գան դասախոսություններ կարդան, սովորեցնեն, իրենց փորձը փոխանցեն: Իհարկե դեռ չեմ հասցրել ուսումնասիրել հայկական շուկան, բայց ամերիկանցիներն ասածվածք ունեն, որի միտքը հետեւյալն է. եթե ցանկություն կա, ելք կգտնվի:
- Հայերիս համար մեծ հպարտություն է, երբ տեսնում ենք, որ մեր հայրենակիցը որեւէ հաջողության է հասնում միջազգային ասպարեզում: Առավել եւս, երբ նրա անունը նշվում է հոլիվուդյան ֆիլմերի դերասանների անվան կողքին: Ինչպե՞ս հայտնվեցիք Հոլիվուդում:
- Մինչեւ դերասան դառնալս 12 տարի ռեստորանային բիզնեսով եմ զբաղվել: Հայրիկիս մահից հետո որոշեցի փոխել կյանքս, մի բան անել, որն ինձ համար հաճույք կլիներ, ու երբ ամեն օր արթնանայի՝ գործի գնալու, կիմանայի, որ մի բան եմ անում, որը սիրում եմ: Ինձ համար սա աշխատանք չէ, սեր է: Երբ սկսեցի, ոչ ոքի չէի ճանաչում, ոչ ոք չկար, որ խորհուրդ հարցնեի, օգներ: Մի օր պարզապես մեկն ասաց՝ գնա ֆիլմերում 2-րդ պլանի դերեր կատարիր: Իմ դեմքը շատ տարօրինակ էր ամերիկյան շուկայի համար, հենց գնացի, անմիջապես ասացին՝ արի, մի ֆիլմ կա: Առնոլդ Շվարցնեգերի ֆիլմն էր: Ամերիկյան շուկայում հայտնվելու դժվարությունն այն է, որ պետք է դերասանների միություն մտնես: Առանց դրա չես կարող շատ գործ գտնել: Առանց միության գործեր կան, բայց շատ քիչ են վարձատրում կամ ընդհանրապես չեն վարձատրվում: Ես գրեթե 2 շաբաթվա ընթացքում կարողացա անդամ դառնալ, եւ դա մեծ դռներ բացեց իմ առաջ: Հետո սկսեցի Universal Studios-ում շոուների մասնակցել, որովհետեւ շատ աթլետիկ էի, ավելի լավ մարմին ունեի, քան հիմա (ծիծաղում է): Դա էլ ինձ օգնեց, հետագայում շատ հրավերներ ստացա՝ գովազդների, ֆիլմերի...
- Հետո սկսեցիք նկարահանվել Ջոնի Դեփի, Ռոբերտ Դաունի Կրտսերի, Քրիստին Ստյուարտի եւ հոլիվուդյան այլ հայտնի դերասանների հետ նույն ֆիլմերում:
- Ջոնի Դեփի հետ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում միասին չենք աշխատել: Երբ ես նկարահանվում էի, նա այլ բան էր անում՝ սուրով կռվելու փորձերի էր մասնակցում: Ռոբերտ Դաունի Կրտսերի հետ աշխատելու համար շատ էի ուրախացել, բայց այդ դերը մի փոքր կրճատեցին: Շատ հաճելի մարդ է: Իսկ Քրիստին Ստյուարտի հետ շատ եմ աշխատել: «Ճամբար X-Ray» ֆիլմի հետ կապված, որում միասին նկարահանվել ենք, մի պատմություն կա: Ֆիլմում պետք է նրա երեսին թքեի, բայց մի քանի անգամ հագուստին թքեցի: Ռեժիսորն ասաց, որ անպայման պետք է Քրիստին Ստյուատի երեսին թքեմ: Ասացի՝ ես մինչեւ հիմա ոչ ոքի երեսին չեմ թքել, իսկ այս երիտասարդ աղջիկը կարծես իմ աղջիկը լինի, ես ինչպե՞ս կարող եմ թքել նրա երեսին: Հետո ինքը՝ Քրիստին Ստյուարտը եկավ ձեռքս բռնեց, ասաց՝ ես ուզում եմ, որ դու դա անես, որովհետեւ սցենարով այդպես է: Դրանից հետո մի 2-3 դուբլ երեսին թքեցի, ամեն անգամ գրկում ներողություն էի խնդրում: Դա ինձ համար ավելի դժվար էր, քան ֆիլմում մեկին սպանելը կամ ծեծելը:
- Մարկո Խանլյանից դարձաք Մարկո Խան:
- Անունը կրճատել եմ: Ինձ խորհուրդ տվեցին: Ասացին, որ Հոլիվուդը շատ է սիրում մարդկանց շրջանակների մեջ դնել, եթե հայկական ազգանուն ես ունենում միայն հայի դերեր կստանաս, պարսկական անուն ունես՝ պարսիկի, արաբական անուն՝ արաբի.... բայց երբ Մարկո Խան անունն են տեսնում, չեն հասկանում. Մարկո ավելի շատ եվրոպական, լատինական անուն է, Խան ասիական անուն է, դեմքիս նայում են, մտածում են՝ կարող է մեքսիակցի լինել, հարավամերիկացի, արաբ, պարսիկ... Սա ինձ բավականին օգնել է, որ դերերը հնարավորինս բազմազան լինեն:
- «Կարիբյան ծովի ծովահեններում» թուրքի դեր եք կատարում:
- Լսումների ժամանակ 2 թուրք կային: Երբ տեսան, որ ես նույնպես մասնակցում եմ, կատաղեցին, գիտեին, որ հայ եմ: Ասում էին՝ ես թուրք եմ, թուրքերեն գիտեմ (ծիծաղում է): Ինձ հարցրին՝ ինչ լեզուներ գիտեմ, ասացի՝ հայերեն, պարսկերեն, թուրքերեն մի քանի բառ գիտեմ: Ասացին՝ մի քանի բառ ասա, ասացի ու ստացա դերը: Թուրքը կատաղել էր, որ դերը, որը, իր կարծքով, իրենը պետք է լիներ, ես ստացա:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



