Ռուսաց լեզվի մասին խորացված ուսուցման մասին վարչապետի հայտարարությունն, իհարկե, իր մեջ քաղաքական ելևէջներ ունի, մանավանդ որ ռուսներն ավանդաբար ահավոր «ընկճախտի» մեջ են ընկնում դրա վերաբերյալ հայաստանյան արձագանքներից, սակայն այստեղ ասելիքը երևի թե ուղղված է ներքին լսարանին։ Այսպիսի արտահայտություններ արվում են այն պարագայում, երբ Հայաստանը երկու ամսից էլ քիչ ժամանակ հետո պատրաստվում է ստորագրել Եվրոպայի հետ շրջանակային համաձայնագիրը։ Ու սա, ի դեպ, վարչապետի շուրթերով, ով, ըստ հանրային պատկերացումների, համարվում է Ռուսաստանի մարդը։ Հակառուսական հիստերիայի լայն դրսևորումներ Հայաստանում կազմակերպված տեսքով չեն եղել նույնիսկ այն ժամանակ, երբ դրա կարիքը, մեծ հաշվով, կար՝ Պերմյակովի դեպքը, ԵԱՏՄ մտնելու մեկ գիշերվա պատմությունը, Ադրբեջանին զենքի վաճառքը և այլն, սակայն չեղան։ Հետևաբար, լեզվի մասին այս հարցը, որն իրականում ընդամենը նշանակում էր օտար լեզուների հանդեպ ուշադրություն, չպետք է լայն քննարկման առարկա դառնա։ Սա կարծես թե բոլորը հասկանում են՝ բացի հայաստանյան որոշ շրջանակներից։ Ինչո՞ւ։ Ռուսներին գրգռելու ու, ոնց գրգռել են, այնպես էլ հանգստացնելու համար են արվում։ Մի անգամ դա արդեն տեղի է ունեցել Էլեկտրիկ Երևանի ժամանակ, կարծում ենք՝ ռուսները, ի հեճուկս իրենց «տապոռային քաղաքականության», այս հնարքը վաղուց հասկացել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել