Aravot.am-ը գրում է.

«Ես լսել եմ դա Ղարաբաղում գեներալներից, սպաներից, զինվորականներից, որ ոչ մի թիզ հող մենք չենք վերադարձնի: Այդ մոտեցմամբ մենք ո՞ւր ենք գնալու, ո՞ւմ հետ կարող ենք խոսել:

Ուրեմն պիտի նստենք, մեր մեջ խոսենք, սա կլինի ամենաանպատասխանատու, ամենաապուշ վերաբերմունքն այս հարցի նկատմամբ»,- «Հայելի» ակումբում պատասխանելով այն հարցին, թե այդ ինչպե՞ս է, որ արդեն ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով հենց Հայաստանում է տարածքներ հանձնելու մասին հայտարարվում, այսպես արձագանքեց մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Պարոն Միհրանյանն ասաց, որ ինքն արդեն առիթ ունեցել է անդրադառնալ տարածքների հանձնմանն ու դրան առնչվող խնդիրներին: Այս առիթով վրդովվեց. «Իմ հարցազրույցից հետո ահագին ապուշ-ապուշ հրապարակումներ եղան, թե Միհրանյանին ի՞նչ, ինքը Ռուսաստանում է ապրում, նույնիսկ ինչ-որ տեղից իմացան, որ աղջիկս ԱՄՆ-ում է բնակվում: Ես ութ տարի աշխատել եմ ԱՄՆ-ում, աղջիկս ու թոռնիկս մեզ հետ էին, հիմա նա ատենախոսություն է գրում»: Պարոն Միհրանյանի հավաստմամբ՝ տարածքների հանձնման թեմայի մասին բավականաչափ տեղեկություններ տրվել են երկրի առաջին դեմքերի շուրթերից:

Նա հայտարարեց. «Անցյալ տարի ՀՀ նախագահը չորս ժամ մարտիկների հետ խոսել է այդ մասին, Էդվարդ Նալբանդյանը երեք ժամ է խոսել, թե ինչ տարածքների մասին է խոսքը, որ տարածքներին հնարավոր չէ ձեռք տալ, կոմպրոմիսն ինչպես պետք է լինի, ես էլ բացեիբաց ասել եմ այս մասին՝ առանց մոռանալու այն բանը, որ միջանկյալ կարգավիճակի ընդունումն առաջին անգամ զարգացում կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ: Փաստորեն, Ադրբեջանը միջազգային հանրության առաջ կընդունի, որ այդ տարածքները իրենը չեն»: Անդրանիկ Միհրանյանը վստահեցրեց, որ մինչև այդ տարածքների վերադարձը, ամեն ինչը պետք է թղթի վրա գրված լինի, երաշխիքները պետք է լինեն, այդ դեպքում կարելի է անցնել միջանկյալ կարգավիճակին։ Այնքան է այդ հարցը քննարկվել, որ Սերգեյ Լավրովն այդ մասին շատ անգամ ավելի լավ գիտի, քան թե հայաստանյան բոլոր լրագրողներն ու քաղաքական գործիչները, բացառությամբ Սերժ Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանի, Արկադի Ղուկասյանի։ Պարոն Միհրանյանի վստահեցմամբ՝ պետք չէ տագնապ ստեղծել բլրի մի հատված կորցնելու համար: Ըստ նրա՝ Արցախի հարցը ռազմական ճանապարհով կլուծվի միայն բլից կրիգի դեպքում, եթե Ադրբեջանն օգտվի այդ պահին ունեցած ռազմական իր առավելությունից. «Ինքս Բակո Սահակյանի հետ եղել եմ Հադրութի ճակատում և տեսել այդ բլուրները:

Ես ոչ մի այդպիսի տագնապային բան չեմ տեսել այնտեղ: Այդ բլուրները գուցե ինչ-որ նշանակություն ունեն, բայց ես իմ աչքով տեսածն եմ ասում, այդ բլուրներն իրենցից մի բան չեն ներկայացնում»: Դառնալով ռուս գործիչների մատ թափ տալուն, օրինակ՝ Կիսելյովի պահվածքին, թե պետք է ռուսերեն լեզու սովորեն Հայաստանում, պարոն Միհրանյանն ասաց, թե Կիսելյովն իր ընկերն է, լավ մարդ, ընդամենը մի անգամ ասել է, որ լավ կլինի՝ ռուսերեն լեզուն ՀՀ-ում իմանան, ի՞նչ վատ բան է ասել:

Նա հավաստիացրեց, թե ՌԴ-ում թքած ունեն՝ ՀՀ-ում ռուսերեն կխոսե՞ն, թե՞ անգլերեն: Իսկ եթե մատ թափ տան ու այդ դիրքերից խոսեն, պարոն Միհրանյանը հորդորում է ՀՀ-ում նմաններին պատասխանել, թե այ ապուշ, քո ի՞նչ գործն է: ՀՀ ներքաղաքական խնդիրներից խոսելով՝ պարոն Միհրանյանը վստահեցրեց, թե Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան հակամարտություն չի տեսնում, և նրանք բոլորն էլ հրաշալի հարաբերությունների մեջ են:

Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին հարցին, պարոն Միհրանյանը պատասխանեց, երբ կուսակցությունը նստի, որոշի ով է վարչապետը լինելու, առաջնայինը չի լինելու այն, թե ինչ էր ասել Սերժ Սարգսյանը, այլ այն, թե ով է ծանր կշիռ ունեցող քաղաքական գործիչը, որը կարող է երկիրը այս վիճակից հանել: Իսկ Կարեն Կարապետյանը ըստ Անդրանիկ Միհրանյանի՝ կունենա իր շատ լուրջ ու կարևոր տեղը, անկախ նրանից, թե դա ինչպես կկոչվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել