Նա դանդաղ էր գնում… Քայլերը ծանր էին, գրեթե աննկատ, անշարժ… Գնում էր այնտեղ, որտեղից ետ չեն գալիս…երբեք չեն գալիս: Ճանապարհին փորձում էր կառչել ամեն հնարավոր և անհնարին փշուրներից, դառնալ օդի մասնիկներից մեկը, միայն թե մնար. մնար այստեղ` նրա հետ, նրա կողքին…
Երկուսն էլ չհասկացան ինչպես դա պատահեց: Երբ լռությունը գոռաց` անհնար համարելով հետագա վայրկյանների միասնական պարը…Ծակող ցավը նրա քայլերի հետ ուժեղանում էր, սպառնալով դառնալ անբաժան ուղեկից: Երկինքը զարմանալիորեն ժպտում էր. առաքելությունը կատարված էր:
Տիկ-տակ…տիկ-տակ…տիկ-տակ…
Ժամացույցի զարկերի ձայնը դառնում էր անլսելի: Ուղղակի դադարում էր հասնել մտածողության մակարդակ, կեսերից վայր էր ընկնում և փշրվում ` բեկորներով ցավոտ վերքեր հասցնելով նրա ձեռքերին:
Նա շատ դանդաղ էր գնում` ամեն պահին պատրաստ ետ վերադառնալու ճամփան ընտրել: Միայն թե այդ ձայնը, հեռվից կանչող, ավելի ճիշտ, հրամայող ձայնը լռեր, իսկ նա ետ պահեր իրեն… Բայց` ոչ:
Ուշքի եկավ: Ամեն ինչ ավարտվել էր: Չկար ոչինչ: Միայն օդում դեռ սավառնում էին Հույսի քայլերից առաջացած փոշու հատիկները, որոնք գգվելով իրար վայելում էին ազատության պարի բերկրանքը: Հույսը գնաց… Գնաց դանդաղ, ետ նայելով, չուզելով, բայց…գնաց: Հավատը կանչում էր: Մեռած հավատն իր մոտ էր կանչում նրան…
Իսկ սերը դեռ երկար արտասվում էր` արյունոտ ձեռքերով գետնից հավաքելով վերջին վայրկյանների փշուրները…