Ագրեսիվությունը և ուրիշներին մրոտելու ցանկությունը` Շանթ Հեռուստաընկերության եթերից
Ժորժ Աբրահամյան

Ապրիլի 1-ին, Շանթ հեռուստաընկերության եթերից դիտեցի “Նովռուզյան կրքեր” հաղորդումը և ցավով նկատեցի մի դառը իրականություն, որ այնուամենայնիվ, մեզանում որքան արմատավորված են անհանդուժողականությունը, ագրեսիվությունը և ուրիշներին մրոտելու ցանկությունը: 
Զարմացա, թե ինչպես մի հաղորդման ընթացքում, կարելի է մի ամբողջ ժողովրդի // Իրանի ժողովրդի//, որը այսօր հպարտանում է իր վաղեմի քաղաքակրթությամբ, ցեխի մեջ տրորել, ու այդ ազգի ներկայացուցիչների մեջ փնտրել միայն բնազդային ցանկություններ: 
Հաղորդումը միայն կարող էր ավելի խորացնել մեր անհանդուժողականությունը` ուրիշ ազգերի նկատմամբ: Անշուշտ, լավ կլիներ, որ լրագրողներից մի երկուսը նաև ապրիլի 21-ին այցելեին Գառնու տաճար, որտեղ կտեսնեին 7 ավտոբուսներով այնտեղ ժամանած իրանցիներին, ովքեր եկել էին գնահատելու հայ ժողովրդի մշակույթը և պատմությունը: Նրանք հիացմունքով նկարահանում էին Գառնիում տեղի ունեցող արարողությունը, նկարվում էին հայկական տարազներ հագած պարողների ու պարուհիների հետ և նույնիսկ պարում էին մեր հայկական ավանդական պարերը: 
Երբ նայում էի վերը նշված հաղորդումը, թե իրանցիները մարմնավաճառներ են փնտրում, նախ և առաջ, ցավ ապրեցի, որ քաղաքում կան այդքան շատ մարմնավաճառներ, ովքեր ազատ աշխատում են և ըստ երևույթին, առանց արգելքի, ինչը չեմ կարծում, թե մեր երկրում օրինական է համարվում: 
Ցավոք սրտի, հաղորդման լրագրողները, առանց որևէ ուսումնասիրության, հենվել էին միայն իրենց կիստ պռատ տեղեկությունների վրա: Ամեն դեպքում, խոստովանենք, որ Հայաստանը դրախտավայր չէ, որ իրանցիները եկել են խլելու մեզանից: Չէ որ այսօր տարեկան 40-50000 հայ է դուրս գնում երկրից, ու թերևս, այլ երկրներում նույնպես նման ռեպորտաժներ են պատրաստվում հայերի մասին, որոնցից մեկը դիտել եմ ես և որը վերաբերում էր Լոս Անջելեսի բանտերում գտնվող մարմանվաճառ հայ կանանց և սուպերմարկետներից գողություն արած հայերին: 
Ընդհանրապես, նպատակ չունեմ արդարացնելու այն իրանցիների կեցվածքը, որոնց ականատեսն ենք լինում նովռուզյան օրերին, սակայն շատ կուզեի, որ անդրարձ լիներ նաև իրանական երկու լուրջ համերգների, որոնք տեղի ունեցան Առնո Բաբաջանյան համերգասրահում և որտեղ բազմաթիվ հայ և իրանցի հանդիսականներին ներկայացվում էր իրանական դասական երաժշտությունը:
Հայ տղաներին իրանական ակումբներ ներս չթողնելու կապակցությամբ կասեմ, որ Իրանում գործող բազմաթիվ հայկական մարզամշակութային ակումբներում, իրանցիների մուտքը արգելված է: Եվ ոչ մի իրանցի մինչև հիմա, ռումբ չի գցել այդ ակումբների դռնից ներս և չի դանակահարել ոչ մի հայի: Իրանցիները, իրենց երկրում, հարգում են քրիստոնյա հայերի իրավունքները: Կարծում եմ այդ կապակցությաբ, մենք նրանցից սովորելու բան ունենք:
Եվ վատ չէր լինի, որ տեսանյութ պատրաստելուց առաջ, լրագրողները իրենց նեղություն տային նաև հետարքրրվելու, թե ինչ հարգանք է վայելում հայ համայնքը Իրանում, և ինչպես են վերաբերվում հայերին Իրանում:
Ուղղակի ուզում եմ ասել. երբ խոսում ենք մի երևույթի մասին, պետք է նախ մտածենք, թե դա ինչ հետևանքներ և ազդեցություն կարող է ունենալ: Իսկ մի հաղորդում պատրաստելուց առաջ, թերևս մտածենք. Ի±նչ ենք փնտրում և ի±նչ ենք ուզում ասել`սերմանել թշնամությու±ն, թե± ամրապնդել բարեկամություն: Տարածել հանդուժողականության մթնոլո±րտ, թե± ինչպես Պարոն Աբրահամյանն ասաց` ցեղապաշտություն: 
Իսկ ինչ վերաբերում է օպերայի և բալետի սրահում իրանցի երգիչների համերգներին, թերևս դա բոլորովին իրանցու խնդիրը չէ և ոչ էլ այն, որ Երևանի փողոցներում այդքան մարմնավաճառներ կան, որ պատրաստ են սիրով կամ չսիրելով, սպասարկել իրանցիներին:
Միայն մի բան հիշեցնեմ. մենք, հայերս, շատ ենք խտրություն տեսել ու անհանդուրժողականության զոհ ենք դարձել: Նման ազգը, իրավունք չունի ուրիշների նկատմամբ անհանդուրժող և ագրեսիվ լինել:

Վերջում, հաղորդավար`Արամ Աբրահամյան, լավ ավարտեց հաղորդումը, մեկ նախադասությամբ խոսելով այն իրանցիների մասին, ովքեր մասնակցում են սիմֆոնիկ երաժշտության համերգների կամ այցելում են թանգարաններ: Լավ կլիներ, որ այս հաղորդման լրագրողները, նույնպես հետաքրքիր ավարտեին իրենց ռեպորտաժները և գլխաշորը գլխին լրագրողուհին, չվիրավորեր ուրիշ ազգի արժեքները, ու չհայտարարեր, թե շուտով Երևանը մաքրվելու է գլխաշորով կանանցից: 
Ինչպես նաև լավ կլիներ, որ լրագրողներից գոնե մեկը, սիմֆոնիկ երաժշտության համերգի ժամանակ, կամ թանգարան այցելելիս, շփվեր իրանցիների հետ, ոչ թե միայն սուպերմարկետներում իրանցիներ որսար: 
Հայ կինը և հայ մայրը, մշտապես գովեստի է արժանացել և մեր և ուրիշների կողմից: Սակայն նաև կան այնպիսի հայ կանաք, որոնք Իրան կամ մեկ ուրիշ երկրիր ճամփորդելով, կարող են խայտառակել մի ամբողջ ժողովրդի: Արդյոք հաճելի կլինի±, որ իրանցին, հայ կանանց մասին պատկերացում կազմի նրանց միջոցով: Ինչպես չի կարելի իրանցի կնոջ մասին դատել այն պարսկուհու պահվածքից, ով հայ տղամարդ էր փնտրում <Նովռուզյան կրքեր> հաղորդման տեսանյութերից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել