ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նախարարը և ԱՄՀ ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին: 

Ներկայացնելով հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նախարար Հարությունյանը դրանցից առանձնացրել է ապօրինի հարստացման քրեականացումը, հայտարարագրման գործընթացի բարելավումը, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակումը, հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնումը, ազդարարների ինստիտուտի ներդրումն ու  Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը: Նախարարը, որպես պայքարի լավագույն գործիք, կարևորել է նաև հանրային ծառայությունների մատուցման բնագավառում ամբողջապես էլեկտրոնային կառավարմանն անցնելուն ու գործընթացները թափանցիկ դարձնելուն ուղղված աշխատանքները: 

Հոսեին Սամիեին ողջունել է Արդարադատության նախարարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել