Aysor.am-ը գրում է.

2017 թվականի ամռան ընթացքում գրանցված ջերմաստիճաններն աննախադեպ էին, ինչի արդյունքում հնարավոր չեղավ խուսափել նաև տարերային աղետներից: Հրդեհներ բռնկվեցին ոչ միայն մասնավոր տարածքներում, այլև՝ պետական հսկայածավալ արգելոցներում:

Բարձր ջերմաստիճանը պահպանվում է առ այսօր. աշնան առաջին ամսվա գրեթե ավարտին հանրապետությունում դեռևս եղանակն օրացուցային չէ:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի հետ:

- Պարոն Սուրենյան, քանի որ որոշակիորեն զով եղանակ է, կարելի՞ է ենթադրել, որ ամառային սաստիկ շոգերն այլևս ետևում են:

- Ո՛չ, այս տարի այն բացառիկ սեպտեմբերներից է, որը ջերմային ֆոնի առումով աննախադեպ է: Մոտենում է ամսի 20-ը, բայց հանրապետության հովտային շրջաններում՝ Արարատյան դաշտավայրում, Սյունիքի հովիտներում, Տավուշի հովտային գոտիներում դեռևս հուլիս-օգոստոս ամիսների ջերմային ֆոն է, ջերմաստիճանը ցերեկային ժամերին հասնում է մինչև 35, երբեմն՝ մինչև 36 աստիճանի, որը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով: Ու եթե այս պահին գնահատենք ոչ թե ամսաթվային, այլ զուտ կլիմայական ցուցանիշներով, ապա կարելի է ասել՝ ներկայումս ամառ է:

- Եվ որքա՞ն ժամանակ կշարունակվի այս եղանակը:

- Առաջիկա 5 օրերի ընթացքում մենք կշարունակենք գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Ջերմային բարձր ֆոնը ոչ միայն պահպանվելու է, այլև ամսվա 19-20 ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը մոտ 2 աստիճանով կբարձրանա: Տեղումներ դեռևս չեն սպասվում:

- Դուք դեռ մայիս ամսին էինք հայտարարել, որ այս տարի աննախադեպ շոգ ամառ է լինելու: Ինչո՞վ էր պայմանավորված բարձր ջերմային ֆոնը, և արդյոք սա կարելի էր անոմալ երևույթ համարել:

- Այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն էր, ինչի ժամանակ տաք օդի ներհոսքը մի քանի անգամ ավելացավ Հայաստանի տարածքում… Ինչ վերաբերում է անոմալիային, ապա, այո ՛, անոմալ շոգ ամառ էր ու այդ երևույթը հիմա էլ շարունակվում է: Մենք այսպիսի սեպտեմբեր չենք ունեցել 100 տարիների ընթացքում. ամեն օրը գերազանցում է նախորդ տարիների այդ օրվան:

- 2017-ի ամառը նաև հրդեհաշատ էր: Ոմանք դա պայմանավորում են եղանակային, ոմանք էլ՝ մարդկային գործոնով: Դո՞ւք ինչ տեսակետ ունեք այս հարցի շուրջ:

- Երկու գործոնի հետ էլ կապված է: Բնականաբար, առաջնահերթ եղանակային գործոնն է, քանի որ երկարատև շոգն ու անձրևազուրկ օրերը կրակի համար ամենանպաստավորն են: Լանդշաֆտը չորանում է, ու բավական է մի փոքր կայծ լինի՝ հրդեհը պաատրաստ է: Եթե անձրև տեղացած լիներ ու խոնավ լիներ, նման բռնկումներ չէին լինի: Մենք 30 օրից ավելի է՝ տեղումներ չենք ունեցել, վերջին անձրևը եկել է օգոստոսի 17-ին, դրանից առաջ էլ 25, 30 օր չոր եղանակ է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել