Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի ղեկավարությունը համաձայնություն է տվել երկրի տարածքում մշտական հիմունքներով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմաբազայի տեղակայման հարցում։ Առկա տեղեկատվության համաձայն՝ օրերս մեկնարկեց Իսրայել պետության տարածքում (Նեգեվ) ԱՄՆ ռազմաբազայի կահավորման գործընթացը։ 
Պետք է նկատել, որ Իսրայելում ամերիկյան զինվորական ներկայությունը մինչ օրս կրում էր ժամանակավոր-իրավիճակային բնույթ և պայմանավորված էր այս կամ այն պաշտպանական գործողությունների կամ զորավարժությունների իրականացման համատեքստում։ 
Եթե իսրայելական լրատվամիջոցների հաղորդած այս տեղեկատվությունն իսկապես համապատասխանում է իրականությանը, ապա Իսրայելի տարածքում ԱՄՆ ՀՕՊ ուժերի ռազմաբազայի տեղակայումը նախադեպային կարելի է համարել ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում առհասարակ։ Իսրայելում ամերիկյան մշտական ռազմական հնարավոր ներկայության դեպքում կարելի է խոսել առաջիկա տարիներին մերձավորարևելյան ռազմական գործընթացներում ամերիկյան կողմի ուղղակի մասնակցության հնարավորության ընդլայնման՝ Վաշինգտոնի որոշման մասին։ Այս տեսանկյունից այնքան էլ միանշանակ չէ այն հարցը՝ ռազմաբազայի տեղակայումը դրակա՞ն կանդրադառնա Իսրայել պետության պաշտպանական անվտանգության ապահովման վրա, թե՞ նոր մարտահրավերներ կբերի մերձավորարևելյան այդ երկրին և ողջ տարածաշրջանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել