Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի բանակը սկսել է 15 հազար անձնակազմով խոշոր վարժանքները: Զորավարժության մեկնող շարասյան մեջ երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ):
DANA ինքնագնաց հրետանային համակարգի առավելագույն հեռահարությունը շուրջ 19 կմ է: Արդիականացված տարբերակի հեռահարությունը կարող է հասնել մինչև 25.5 կմ-ի: Համակարգը կշռում է շուրջ 29 տոննա, շարժման առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ:
Դատելով հրապարակված տեսանյութից և լուսանկարներից՝ Ադրբեջանը գնել է 2016 թ. արդիականացված Dana M1M հաուբիցներ: Հավելելենք, որ այս արդիականացված տարբերակի նախատիպն է միայն ցուցադրվել 2016 թ.: Չեխիան նախատեսում էր 33 միավոր արդիականացնել 2018-20 թթ.:
Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի համար որոշակի քանակություն ավելի սեղմ ժամկետներում է արդիականացվել: Դատելով սրանից՝ կասկած չի մնում, որ Ադրբեջանը գնել է հենց Չեխայից և ոչ թե որևէ երրորդ երկրից:
RM-70 ՀԿՌՀ-ն կրում է 40 ուղղորդիչով 122 մմ տրամաչափի հրթիռ: Համակարգի արագ լիցքավորման համար մեքենայի թափքին տեղադրված է 40 ուղղորդիչով պահուստային փաթեթ: Համակարգը չեխական «Tatra» 815 բեռնատարի բազայի վրա է, համակարգի առավելագույն հեռահարությունը ստանդարտ հրթիռներով՝ մինչև 21 կմ: Այն գրեթե նույնական է խորհրդային/ռուսաստանյան արտադրության «Գռադ» ՀԿՌՀ-ին:
Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի շարունակական ու գիտակցված հրահրումը հանգեցնում է նրան, որ ՀՀ-ն ստիպված է լինում գնել նորանոր զենքեր, բյուջեի դեֆիցիտի, արտաքին մեծ պարտքի, տնտեսական ծանր վիճակի (բարելավման հեռանկարներ չկան) պայմաններում Երևանին մնում է միայն դիմել Բաքվին զենք վաճառելու համար հայ հասարակության շրջանում լայնորեն քննադատվող ՌԴ-ին` նոր վարկեր ստանալու և ռազմական բալանսը պահպանելու համար։
Մոսկվային այս իրավիճակը լիովին ձեռնտու է։ Շատ լավ տիրապետելով ՀՀ-ի տնտեսական առկա վիճակին, հեռանկարներին ու ներուժին ՌԴ-ն ռազմական վարկերի միջոցով մեծացնում է ՀՀ-ի ռազմատեխնիկական կախվածությունը Մոսկվայից, ինչն էլ բերելու է մոտակա տասնամյակների ընթացքում քաղաքական, աշխարհաքաղաքական միակողմանի կախվածության։
Այս իրավիճակը շտկելու համար ՀՀ-ն պետք է ունենա միջոցներ, կառուցի նորմալ տնտեսություն, տնտեսապես հզորանա, որպեսզի լրացուցիչ եկամուտներ հատկացնի սեփական ռազմական արդյունաբերության կառուցման համար (Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով) ու մի շարք զինատեսակներում կամ գոնե արկերի մասով դառնա ինքնաբավ երկիր։
Դրան զուգահեռ՝ Երևանը պետք է ռազմատեխնիկական նոր կապեր ստեղծի (կրկին ֆինանսներ ունենալու պարագայում) այլ երկրների հետ. դրանք կարող են լինել արտատարածաշրջանային` Չինաստան, Հնդկաստան, Արևելյան Եվրոպայի երկրներ, Լատինական Ամերիկա (այդտեղ ազդեցիկ հայ համայնքեր կան), իսկ ռազմական համագործակցությունը բխում է քաղաքական սերտ կապերից։