էս #գործկա - #գործչկա-ն հետաքրքիր զարգացումներ է ստանում, բայց նախ՝ մի անեկդոտ:
Հրեա Իսահակն օրնիբուն բողոքում է, թե լոտո երբեք չի շահել, աղոթում է պարտաճանաչ, որ շահի, բայց Աստված չի լսում իրեն: Էսքան աղոթքից ու բողոքից զզված՝ Գաբրիել հրեշտակապետը գնում է Աստծու մոտ ու փորձում միջնորդել, որ դասավորեն՝ շահի մի անգամ, պրծնեն: Աստված էլ թե՝ բա ոնց անենք, որ Իսահակը գոնե մի հատ լոտոյի տոմս առնի։ )
Ենթադրելով, որ գործ փնտրողները լավ են փնտրում, ինչը խիստ կասկածելի է, անցնենք առաջին փուլին՝ Ձեր CV-ին:
Ահա 10 պատճառ, թե ինչու Ձեր CV-ն չեն էլ կարդա:
1. CV-ն ուղարկվել է ոչ Ձեր e-mail հասցեից։ Դա արդեն բավարար է, որպեսզի չկարդան այն:
2. Ձեր e-mail հասցեն ունի [email protected] տեսքը: Ձեզ լուրջ չեն ընդունի: Գործատուները ոչ մի հարց չունեն [անունազգանուն]@gmail.com/yahoo.com/hotmail.com/live.com հասցեների հետ: @mail.ru հասցեից եկած CV-ների տերերը կարող են ի սկզբանե հույս ունենալ ավելի ցածր աշխատավարձի: Խուսափեք թվեր պարունակող e-mail հասցեներից:
3. Ուղարկված CV-ի վերնագիրը շատ կարևոր է, այն պետք է պարունակի թափուր հաստիքի անվանումն, ու որ Դուք դիմում եք այդ պաշտոնին, օրինակ՝ Վերաբերող Ձեր մասնաճյուղի կառավարչի թափուր հաստիքին: Կամ եթե հաստիքի հայտարարության մեջ կոնկրետ ֆորմատ կա, ապա պետք է ճշգրտորեն համապատասխանի այդ ֆորմատին: Եթե subject-ը դատարկ է կամ գրված է CV, ապա ստացողն այն արագ կջնջի:
4. Չկա ուղեկցող նամակ: Բարի եղեք երկու-երեք տողով գրել, թե որտեղից եք իմացել հայտարարության մասին և ինչու եք կարծում, որ Ձեր CV-ն արժանի է դիտարկման: Ավարտեք նամակը հարգալից վերջաբանով, օրինակ՝ հույս ունեմ արժանանալ Ձեր կողմից հարցազրույցի հրավիրվելու ուշադրությանը: Հարգանքներով՝ Աշոտ Սարգսյան:
5. Ուղեկցող նամակն այլ լեզվով է: Եթե Դուք կարդացել եք թափուր հաստիքի հայտարարությունը ռուսերեն, ապա պատասխանեք նույն լեզվով, գործատուի համար հաղորդակցման լեզուն կարևոր է: CV-ի ֆայլի անվանումն էլ պետք է լինի նույն լեզվով:
6. Տառասխալներ։ Ձեր CV-ի կարդացվելու հավանականությունը կտրուկ ընկնում է, երբ նամակի վերնագիրը կամ մարմինը տառասխալներ են պարունակում կամ գրված են անգրագետ: CV-ի ֆայլի անվանման մեջ տառասխալի պարունակությունը մահացու է, ասենք՝ Rezyume բառն է պարունակում:
7. Ձեր CV-ի ֆայլի ֆորմատը PDF չէ: Հլը word format-ն ինչ-որ մեկը կարող է բացել, բայց որևէ այլ ֆորմատ․․․
8. CV-ի ֆայլի անվանումը ՊԵՏՔ է ցույց տա, որ Դուք այն թարմացրել եք և հարմարեցրել այս հաստիքին: Օրինակ՝ CV Վահան Քերոբյան - մասնաճյուղի կառավարչի հաստիքի համար.pdf
9. Ուշադիր կարդացեք թե՛ թափուր հաստիքի հայտարարությունը, թե՛ ուսումնասիրեք գործատուին: Եթե Ձեր նամակը կարդացողը կասկածի, որ Դուք դա չեք արել, ապա Ձեր CV-ն չի էլ բացվի:
10. Spam։ Շատ նորմալ է, որ Դուք վստահ լինեք, որ Ձեր նամակը տեղ է հասել: Եթե CV-ն ուղարկելուց հետո ավտոմատ հետադարձ պատասխան չեք ստացել, կամ որևէ հետադարձ ռեակցիա չկա, ապա կարող եք զանգահարել գործատուին համապատասխան հեռախոսահամարով և ճշտել Ձեր CV-ի տեղ հասած լինելը:
Եթե Դուք այս 10 կետերը չեք բավարարել, ապա լոտոյի տոմս չեք առել )