ԵԼՔ դաշինքն առաջարկել է սփյուռքի անդամներից կազմված խորհրդարանի ստորին պալատ ստեղծել՝ օրենսդրական փոփոխություններ անելով այսօրվա Սահմանադրության մեջ։ Գաղափարը, մեծ հաշվով, վատը չէ, եթե, իհարկե, նպատակը սփյուռքի ներկայացուցիչներին հայկական քաղաքական գործընթացների մեջ ներգրավելն է։ Սովորաբար հայկական սփյուռքը նախընտրում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին մասնակցել, այսպես ասած, կրավորական կերպով, չխառնվել քաղաքական հարցերին, այլ փորձել բարեգործությամբ ու միջանձնային հարաբերությունների միջոցով երկրում ինչ-որ բան փոխել։ Սակայն նույն հաջողությամբ, կարծում ենք, ավելի լավ կլինի ստորին պալատի ստեղծման փոխարեն պարզապես 101 պատգամավորների մեջ սփյուռքից եկած գոնե իքս քանակությամբ գործիչներ լինեն։ Ավելին՝ յուրաքանչյուր կուսակցության ինչ-որ համար, որն անցողիկ է Պառլամենտի համար կուսակցական մակարդակում, թող լինի սփյուռքի ներկայացուցիչ։ Այդքանով ավելի կարժևորվի սփյուռքի դերը, նրա ներկայությունը քաղաքական դաշտում, ու ստորին պալատի կարիք գոնե այսօր չի լինի, որովհետև հայկական քաղաքականությունն այսօր չափից դուրս անհրապույր ու անբովանդակ է։ Իր հերթին հայկական սփյուռքը շատ հազվադեպ է իր վրա քաղաքական պատասխանատվություն վերցնում վերոնշյալ պատճառներով։ Ոմանք պարզապես հավես չունեն, ոմանք չեն ուզում քաղաքական խարդավանքների զոհ դառնալ, ոմանք էլ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը պատկերացնում են գումարների կամ հոգևոր օժանդակության տեսքով։ Սակայն այսպես չպետք է լինի, ու ամեն մեկն իրեն հաշիվ պիտի տա, թե իրականում ինչ ձևաչափով է ուզում մասնակցել ու պատրա՞ստ է մասնակցել Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսներին, չվախենա քաղաքականություն մտնելիս ու դժվարությունների հանդիպելիս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=146009692669581&id=100017816534100¬if_t=close_friend_activity¬if_id=1505724624515249
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել