Panorama.am-ը գրում է.
Այս տարի Հայաստանում բասկետբոլային վերածնունդ է: Հավաքականների ձևավորումից հետո հերթը ներքին առաջնությանն է: Երկարամյա դադարից հետո, հոկտեմբերին մեկնարկելու է բասկետբոլի տղամարդկանց մեծահասակների Հայաստանի կանոնավոր առաջնությունը: Այն կոչվելու է Ա-լիգա և ընթանալու է շրջանաձև համակարգով:
Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու է յոթ թիմ՝ Երևանից, մարզերից ու Արցախից:
«Հասունացել էր կանոնավոր առաջնություն ունենալու պահը: Մեր հիմնական նպատակը բասկետբոլի մասսայականացումն է: Այսօր շատ են բասկետբոլով զբաղվողները: Կարելի է ասել, որ մեր դուռը թակում են կանոնավոր առաջնությունների կազմակերպման խնդրանքով:
Այս պահին քննարկում ենք որոշ հարցեր, կապված ակումբների՝ քաղաքները ներկայացնելու հետ: Հավանական է, որ Երևանի ակումբներից մեկը ներկայացնի Վանաձորը: Սա նշանակում է, որ թիմը մասամբ տեղափոխվելու է Վանաձոր, քանի որ լիգայի համար կարևոր է նաև աշխարհագրությունը:
Լիգան արել է ամեն ինչ՝ թիմերին խաղալու հնարավորություն տալու համար: Առաջնությունը ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում: Լիգան ունի հովանավոր, որը թույլ կտա կազմակերպել հանդիպումները: Աջակիցների թվում է նաև բասկետբոլի ֆեդերացիան»,- ասել է Պողոսյանը:
Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով, աստիճանաբար պետք է գալ այն վիճակին, որ տեղական ակումբները հավաքականներին կադրեր տան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։