
Մեր գիտակցության մեջ Իվան IV-ն ու իր Ահեղ կեղծանունը անբաժանելի են իրարից: Երբեմն թվում է նաև, որ ցարին հենց ծնված օրից էլ այդպես են անվանել՝ Իվան Ահեղ: Ուսումնասիրողների մեծ մասը կարծում է, որ ժողովուրդն է նրան տվել կեղծանունը, ավելին՝ մահից հետո: Իսկ թե որն էր կեղծանվան իրական նշանակությունը, եկեք պարզենք միասին:
Բռնկուն խառնվածք
Կարող է թվալ, որ ինքնակալը կեղծանունը ստացել է իր շատ բռնկուն խառնվածքի պատճառով: Անգամ այն մարդիկ, ովքեր առանձնապես հետաքրքրված չեն պատմությամբ, լսել են մահապատիժների և, իհարկե, Իվանի՝ սեփական որդուն սպանելու մասին: Հենց այն ժողովուրդը, որը տեսել է ցարի բռնությունները, անվանել է նրան Ահեղ: Իհարկե, այն ժամանակ, երբ նա արդեն մահացած էր, հակառակ դեպքում՝ Իվանը տեղում մահապատժի կենթարկեր բոլորին:
Որդու սպանությունը
Իսկ եթե Իվանն Ահեղ է դարձել որդուն սպանելուց հետո՞: Պատահականության սկզբունքով թագավորին մոտեցող մարդիկ նրան սկսել են Ահեղ անվանել, այնուհետև կեղծանունը տարածվել է ողջ հասարակության շրջանում: Սակայն ամբող հարցն այն է՝ արդյոք Իվան IV-ն իսկապե՞ս սպանել է սեփական որդուն: Մինչ օրս այս հարցի հստակ պատասխանը չի տրվել, իսկ միակ ապացույցը, ըստ էության, «Իվան Ահեղն ու իր որդի Իվանը 1581 թ. նոյեմբերի 16»-ին պատկերն է (ավելի հայտնի է որպես «Իվան Ահեղը սպանում է որդուն»), որն արվել է 1883-1885 թվականներին՝ պտտվող լուրերի հիման վրա:
Արտասահմանյան դեսպանների կարծիքները
Այս տարբերակը կհետաքրքի բամբասանքների սիրահարներին: Եթե Իվանի ժամանակակիցների կարծիքներն ուշադրությամբ ընթերցենք, ապա կգտնենք, որ Եվրոպայից հյուրերը բացասական վերաբերմունք են ունեցել նրա նկատմամբ, հաճախ խոսել են նրա անզսպության մասին: Ռուսական աղբյուրները հակառակն են պնդում՝ ներկայացնելով իրավիճակն այնպես, թե ցարը չէր զլանում շփվել ժողովրդի հետ, խոսել նրանց դժբախտությունների մասին, պատվում էր Աստծուն ու կառավարում էր արդարության սկզբունքներով: Ինչի՞ մասին է սա վկայում. նրանք վախեցել են ճշմարտությունն ասելու համար գլխատվելուց, թե՞ իրապես ճիշտն են ասել:
Իսկ եթե կեղծանունն առաջ այնքան էլ բացասական իմաստ չի ունեցե՞լ: «Грозный» բառը, որը թարգմանվում է որպես Ահեղ, առաջ ռուսների մոտ բացասական կերպով է արտասանվել, սակայն նշանակում է «կարող և հզոր»: Իսկ Իվանին շատ բաների համար կարելի էր հարգանքի արժանացնել. նա Ռուսաստանին է միացրել Կազանի ու Աստրախանի խանությունները, վերազինել է բանակը, ամրացրել է պետական իշխանությունը, ստեղծել է «Դատաստանագիրք»: Այդ պատճառով էլ ժողովուրդը, հիշելով նրա խիստ, սակայն արդար գործունեությունը, անվանել է ցարին Ահեղ: Նրա նախորդներից Իվան III-ը ունեցել է երկու կեղծանուն՝ «Մեծ» և «Ահեղ», սակայն ոչ մի աղբյուրում դա գրեթե հիշատակված չէ:
Այս վարկածներից յուրաքանչյուրը կարող է ճիշտ լինել, սակայն Իվան Ահեղի անձի մասին վեճերը շարունակվում են արդեն մի քանի դար և, ամենայն հավանականությամբ, դեռ կշարունակվեն ընթանալ:
Հետաքրքիր է։ Իվան Ահեղն այն սակավաթիվ ցարերից էր, որի մասին ժաղավուրդը հեքիաթներ սկսեց հյուսել: Դրանց մեջ նա ներկայացվում էր ոչ թե որպես բռնապետ կամ մարդասպան, այլ արդար ու հզոր կառավարիչ: