Սեպտեմբերի 16-ին Երեւանի Անգլիական այգում կանցկացվի Գյուղական կյանքի եւ ավանդույթների չորրորդ փառատոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը եւ աջակցել հայ ֆերմերներին ներկայացնել իրենց արտադրանքը, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Միջոցառումը կազմակերպվում է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնը հնարավորություն է ընձեռում գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր տնտեսություններին հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքները եւ յուրօրինակ երկխոսություն հաստատել արտադրողների եւ քաղաքացիների միջեւ:

«Յուրաքանչյուր տարի աճում է միջազգային կառույցների եւ զբոսաշրջիկների հետաքրքրությունը փառատոնի հանդեպ: Այս տարի միջոցառմանը ներկայացված կլինի պետական օժանդակության, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում արտադրված գյուղմթերքը, այդ թվում` նաեւ օրգանական արտադրանք», - նշել է փոխնախարարը:

«Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանն իր հերթին տեղեկացրել է, որ տարեցտարի փառատոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը, ավելանում է թե՛ մասնակիցների եւ թե՛ համագործակցող կազմակերպությունների թիվը:

«Գյուղական կյանքի եւ ավանդույթների առաջին փառատոնին, որն անց է կացվել 2014 թվականին, մասնակցում էին ընդամենը 50 ֆերմերային խմբեր, մինչդեռ այս տարի այն կմիավորի առավել քան 130 ֆերմերային խմբերի, ձեռներեցների եւ վերամշակող փոքր ձեռնակությունների ներկայացուցիչների ոչ միայն Հայաստանի մարզերից, այլ նաեւ հարեւան Վրաստանից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից», - նշել է Նունե Սարուխանյանը:

Ակնկալվում է, որ այս տարի ավանդական մշակույթի եւ բերքի տոնի շուրջ Երեւանում կհամախմբվեն շուրջ 15 հազար մասնակիցներ եւ այցելուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել