Panorama.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Վանանդ համայնքում «Եվրոթերմ» ընկերության հիմնադրած մոտ 200 հա այգիներում մեկնարկել է բերքահավաքը: Արդյունքները տխրեցնող են՝ խաղողը սմքած է, խնձորն ու դեղձը՝ չոր, ծառերը՝ չորացած: Սակավաջրության հետևանքով բերքի զգալի կորուստներ կան:

Ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը Panorama.am-ի  հետ զրույցում ասաց, որ բերքի 25-30 տոկոս կորուստ ունեն: Այգիները ոռոգվում են ավանդական եղանակով, ընկերությունը ֆինանսական միջոցների սղության հետևանքով այստեղ չի կարողացել անցնել կաթիլային ոռոգման համակարգին:

Պատկերն այլ է Արմավիրի մարզի Բագարան գյուղում, որտեղ նույն ընկերությունը բանջարեղեն է աճեցնում կաթիլային ոռոգմամբ: Ախուրյան գետում միշտ ջուր կա, պոմպ են տեղադրել ու անխափան ջրամատակարարում ապահովել, դրա շնորհիվ հողը միշտ խոնավ է:

«Երբ ասում են կաթիլային ոռագման դեպքում ջրի ծախսը կնվազի, դա այնքան էլ այդպես չի: Համարյա նույնչափ ջուր է ծախսվում, սակայն այս համակարգի պարագայում ջուրը հարյուր տոկոսանոց էֆեկտիվություն է ապահովում, բույսը կարողանում է լիարժեք աճել, խոնավության պայմաններում հողից ստանալ անհրաժեշտ սնունդը»,-բացատրեց ընկերության ղեկավարը:
Նա կաթիլային ոռոգման համակարգի կիրառումը սկսել 2014 թվականից: Այս պահին 100 հա հողատարածք ոռոգվում է այդ համակարգով, հիմնականում լոլիկ են աճեցնում: Հենց առաջին տարում մեկ հեկտարից 85 տոննա լոլիկ են հավաքել, մինչ այդ լավագույն ցուցանիշը համարում էին 50 տոննան:

«Արդյունավետությունը շատ բարձր է, բավականին խնայողություն է կատարվում: Օրինակ, մի կետից հնարավոր է պարարտացել հսկայական տարածքներ: Նույն ազոտական պարարտանյութը ջրի մեջ լուծվում է, ոնց են մարդուն կաթիլային միացնում, այդպես էլ բույսն ենք պարարտացնում: Համակարգի միջոցով հնարավոր  նաև ոռոգման ջրի թթվայնության կարգավորում ապահովել, որը բույսին հնարավորություն է տալիս հողում առկա կալցիումը իրացնել»,-առավելությունները թվարկեց նա:

Վահե Ղազարյանը համաձայն է, համակարգի անցկացումը ծախսատար է: Նախ անհրաժեշտ է  ունենալ  ջրի կայուն մատակարարման կետ, ջուրը պետք է լինի զտված ու մաքուր, որպեսզի կաթոցիկները ժամանակի ընթացքում չխցանվեն, լինի ջրի որոշակի ճնշում: Բացի այդ էլ բանջարեղեն աճեցնելու դեպքում ամեն տարի ներդրում է պետք անել, քանի որ խողովակներն օգտագործվում են մի սեզոն, այգիների դեպքում, եթե ջուրը որակյալ լինի, խողովակները կարելի է օգտագործել մինչև  7-8 տարի:

«Պոմպերը սկսում են մի քանի հարյուր դոլարից՝ հասնելով մինչև մի քանի հազար դոլարւ: Գինը կախված է դրանց ընձեռած հնարավորություններից, չափերից: Մեկ հա հողատարածքին կաթիլային ոռոգման համակարգ անցկացնելու համար անհրաժեշտ կլինի 1.5-5 հազար եվրո գումար՝ կախված առաջարկվող լուծումներից: Օրինակ, կան այնպիսի համակարգեր, որոնք ունեն ցնցուղներ, ցրտահարության դեպքում կարելի է ջուր բաց թողնել, ինչի շնորհիվ այգին կարող է ցրտահարությունից փրկվել»,-ասաց ֆերմերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել