Երեկ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը նշում էր գործունեության երեք և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տասներկու տարին: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Երեք տարվա ընթացքում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը գրանցել է լուրջ հաջողություններ: Դրանցից առաջնայինը տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստումն է, Գյումրիում նոր աշխատատեղերի ստեղծումը, ՏՏ առաջատար ընկերությունների՝ Գյումրի մուտքին նպաստելը, համագործակցությունը՝ Վաշինգտոնի ՀԲ գրասենյակի և միջազգային այլ պատվիրատուների հետ, ինչպես նաև կենտրոնի տարածքի գրեթե ամբողջական զբաղեցումը տեղի նորաստեղծ, Երևանից Գյումրի տեղափոխված և միջազգային կազմակերպությունների կողմից:

Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հիմնադրվել է 2005թ․ Հայ օգնության ֆոնդի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամր, «Շիրակ տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի ու Պատրիկ Սարկիսյանի կողմից և մինչ օրս ֆինանսավորվում է ամերիկահայ բարերարների կողմից:

Երեկվա կազմակերպված միջոցառման ծրագիրը բավականին հագեցած և ծավալուն էր, որի ընթացքում ամփոփվեց երեք տարվա գործունեությունը, շնորհակալագրեր հանձնվեցին այն ընկերություններին, որոնց հետ տարիներ շարունակ աշխատում են, ինչպես նաև դիպլոմներ հանձնեցին ավարտող ուսանողներին: Բայց այս ամենի մասին հերթով և ավելի մանրամասն կներկայացնի BlogNews.am-ը, ով հետևել է միջոցառման ամբողջ ընթացքին:

«Երեք տարի առաջ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն իր դռները բացեց ոչ միայն գյումրեցիների, այլև Հայաստանի տեխնոլոգիական կազմակերպությունների համար: Շատերը մեզ թերահավատորեն էին նայում և մտածում, որ բավականին բարդ կլինի, բայց կարող եմ արձանագրել, որ այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը բավականին ամուր հիմքերի վրա է, ինչպես նաև ձևավորվել է որպես մոդել՝ Հայաստանում տեխնոլոգիական զարգացման համար: Մեր թիմին հաջողվեց համադրել կրթությունը, տեխնոլոգիական զարգացումը, ներդրումները, որոնք կան քաղաքում և մարզում: Այս ամբողջը տվեց վստահություն և երիտասարդների մոտ զարգացրեց համառություն սովորելու և հետագայում իրենց առջև մեծ նպատակներ դնելու համար»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Մենք ունենք երկու կարևոր մարտահրավեր՝ մեծացնել ուսանողների քանակը ոլորտում, քանի որ այսօր իսկապես դժվարանում ենք ընկերությունների թափուր աշխատատեղերը համալրել մասնագետներով, և ավելի մեծ թվով միջազգային ներդնողների ուղղորդել դեպի Գյումրի: Ունենք հաջողություններ․ այսօր Համաշխարհային բանկի վաշինգտոնյան գրասենյակը մեր պատվիրատուն է, բոլորովին վերջերս սկսեցինք իսպանական կարևոր գործընկերոջ հետ աշխատել, այսինքն՝ աշխարհը քիչ-քիչ ճանաչում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և մեր մասնագետներին: Իհարկե, մենք փորձելու ենք անել ավելին»,- նշում է ԳՏԿ բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը։

Միջոցառումը շարունակվեց հանդիսությունների սրահում, որտեղ ներկա էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ներկաներին ողջույնի խոսք հղեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով վստահ էր, որ կենտրոնն ավելի մեծ հաջողություններ է գրանցելու. «Շատ կարևոր է, որ նման կառույցների շնորհիվ փոխվի Գյումրու մասին կարծրատիպը: Ի վերջո, 21-րդ դարը գիտելիքի, կրթության դար է, և այստեղ ազգերի մրցունակությունը որոշում է գիտելիքը»:

Քաղաքապետն էլ իր հերթին նշեց, թե որքան է կարևորում նման կառույցի առկայությունը. «Այն ժամանակ այս շենքը քանդած էր, և ես միշտ խորը ցավ էի ապրում: Երբ Համաշխարհային բանկից եղավ ծրագիրը, և Կառավարությունը որոշեց, որ այստեղ հիմնելու է տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, ես ցնծություն ապրեցի: Ես վստահ էի, որ ունենալու էինք այնպիսի արդյունքներ, ինչպիսին որ հիմա ունենք»:

Հանդիսության ժամանակ Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի համար ներդրած ավանդի և ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար Գյումրու քաղաքապետի պատվոգրերով պարգևատրվեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Հայ օգնության ֆոնդի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը:

«Տասներկու տարի առաջ, երբ մտածում էինք, որ Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման կենտրոն պետք է գործի, այդ ժամանակ մեզ որպես խենթի էին նայում: Բայց, այնուամենայնիվ, մենք արեցինք այդ գործը: Այս տասներեք տարվա ամեն մի օրը հագեցած է եղել քրտնաջան աշխատանքով: Սա այն կենտրոններից մեկն է, որտեղից լիարժեք գիտելիքներով են դուրս գալիս»,- նշում է Գառնիկ Նանագուլյանը։

Բոլորովին վերջերս պետության և մասնավոր հատվածի համագործակցության սկիզբ դրվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում. Շիրակի մարզպետ Խաչատրյանի անմիջական առաջարկությամբ և խնդրանքով Գյումրի քաղաքում գործող այն դպրոցները, որոնք ինֆորմատիկայի դասընթացներ ունեն և չունեն համապատասխան համակարգչային տեխնիկա, այդ դասընթացները կիրականացնեն Գյումրու տեխնոլոգիաների կենտրոնի համակարգչային դասասենյակներում: Երեկ դրվեց այդ համագործակցության պաշտոնական սկիզբը։ Մարզպետը և պարոն Ենգիբարյանը փոխհամաձայնության հուշագիր ստորագրեցին՝ ի նպաստ ամբողջ մարզում կրթական ոլորտի զարգացման:

Հատկանշական  է, որ 2007 թվականին ԳՏՏԿ-ն ունեցել է 18 շրջանավարտ, նրանցից 8-ն աշխատանքի են անցել ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում, 2014 թվականին՝ 24 շրջանավարտ, որոնցից 23-ն աշխատում են, իսկ արդեն  2015 թվականին հաստատությունն ունեցել է 25 շրջանավարտ, 25-ն էլ աշխատում են ՏՏ ոլորտի հայտնի ընկերություններում, մեծ մասը՝ Գյումրիում, մյուսները՝ Երևանում:

Այս ամենի տրամաբանական ավարտը եղան կենտրոնի բակում կազմակերպված հյուրասիրությունն ու Արամո և Էմմա Պետրոսյանների գեղեցիկ կատարումները: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել