«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրվել է դրույթ, ըստ որի՝ զինծառայողը զինվորական կոչումից կարող է զրկվել դատական կարգով, ինչպես նաև սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքում՝ մինչև շարքային` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Անհրաժետ է նշել, որ գործող կարգով միայն դատարանի բացառիկ իրավասությունն է զինվորականին զրկել կոչումից:
Իսկ ի՞նչ է ասում օրինագծի 55-րդ հոդվածի 4-րդ կետը։ Ասում է, որ այն սպաները, ովքեր հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման դեպքում, համաձայն չեն նշանակվելու այլ զինվորական պաշտոնի, եթե կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալուց հետո համաձայն չեն նշանակվելու այլ պաշտոնի, եթե մինչև պայմանագրի ժամկետը լրանալը ներկայացնում են զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր կա՛մ ռազմաուսումնական հաստատությունից, կա՛մ սպայական, կա՛մ սերժանտական դասընթացներից, կա՛մ ակադեմիական ուսումնառությունից, կա՛մ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն, կա՛մ հետբուհական ուսումնական հաստատությունից իր դիմումի համաձայն ազատվելիս, կա՛մ անբավարար առաջադիմության, կա՛մ անկարգապահության հիմքով հեռացվելիս, եթե ունենան պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ, ապա պաշտպանության նախարարի հրամանով կաստիճանազրկվեն և կուղարկվեն պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու:
Իմ կարծիքով՝ սա կարող է ռումբի էֆեկտ թողնել: Պատկերացնո՞ւմ եք, որ անձը, ենթադրենք, ընտրել է 3 տարի սպա դառնալու եղանակով իր զինվորական ծառայությունը կատարելու ուղին, որոշակի ժամանակահատված հանդիսացել է սպա, լեյտենանտ կամ ավագ լեյտենանտ, որից հետո վերը նշված հանգամանքներով զրկվի կոչումից և գնա որևէ զորամաս՝ շարքայինների հետ պարտադիր ժամկետային չծառայած ժամկետը շարունակելու:
Պատկերացնո՞ւմ եք, թե այդ սպան ինչպիսի հոգեվիճակում կհայտնվի և ինչպիսի ճնշումների կենթարկվի՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:
ՀՀ պաշտպանության նախարարի ուշադրությունն եմ հրավիրում նշված հանգամանքի վրա, և հուսով եմ, որ նշված հանգամանքը մանրակրկիտ քննության կառնվի նաև օրենսդիր մարմնում և առավել լավ լուծում կգտնվի այս հարցին։