Զաքիր Հասանովի՝ Իսրայել կատարած այցին գրեթե զուգահեռ Իրանում լույս է տեսել մի մեծածավալ ուսումնասիրություն, որտեղ քննարկված են Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները և դրանց հետևանքներն ամենայն մանրամասնությամբ։
Խոսքը Բորհան Հաշեմիի՝ Իրանում լույս տեսած «Սիոնիստական ռեժիմի հետ Ադրբեջանական Հանրապետության հարաբերությունների նոր ծավալները և դրանց հետևանքները» գրքի մասին է, որտեղ, դատելով բովանդակության ցանկից, բավական մանրամասն քննարկված են ԱՀ-Իսրայել հարաբերությունների քաղաքական, տնտեսական, կրոնական, մշակութային և այլ ասպեկտներ։
Ուսումնասիրության մեջ հատկապես մեծ ուշադրություն է դարձվել ԱՀ-Իսրայել ռազմական համագործակցության ոլորտին, այդ համագործակցությունից բխող տարածաշրջանային վտանգներին և սպառնալիքներին։
Ակնհայտ է, որ Իրանը Հ․Ռուհանիի կառավարման երկրորդ շրջանում սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին և դրանից բխող վտանգներին։
Զաքիր Հասանովի՝ Իսրայել կատարած այցի և ԻԻՀ-ԱՀ հարաբերություններում առկա բացասական երանգների ֆոնին կատարյալ կլիներ տեսնել հիմա ԻԻՀ և ՀՀ պաշտպանության ոլորտների պատասխանտուների նոր փոխայցեր և այդ ոլորտում հնարավոր համագործակցությունների նոր ուղիների որոնումներ։