Tert.am-ը գրում է.
Tert.am-ը Կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանի հետ զրուցել է բարձրագույն կրթության հետ կապված խնդիրների մասին: Մկրտչյանը չի հերքում՝ ՀՀ-ում կրթությունը բարձր որակի վրա չէ, խնդիր կա նաև մասնագիտական շուկայի հետ կապված: Սակայն նա վստահեցնում է, որ նախարարությունն աշխատում է, թիրախներն ընտրում են և աշխատում խնդիրների կարգավորման ուղղությամբ: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերին կամ դեկտեմբերին բարձրագույն կրթության վերաբերյալ նոր նախագիծ ԱԺ կբերվի:
- Պարո՛ն Մկրտչյան, ՀՀ բուհերը համաշխարհային բուհերի ցանկում առաջատար չեն, ավելին՝ վերջին տեղերում են: Մեր բուհերի դիպլոմներն արտերկրում ուժ չունեն: Ո՞րն է նման պատկերի պատճառը՝ հաշվի առնելով նաև, որ կրթության ոլորտի վրա բավականին մեծ գումարներ են ծախսվում:
- Իրականում, բավականին լուրջ խնդիր եք բարձրացնում: Սակայն ասեմ, որ գումարներն այդքան էլ շատ չեն՝ ամբողջ կրթական համակարգի համար տրամադրվում է 123 մլրդ դրամ, որի մեջ մտնում է հանրակրթությունը, միջին մասնագիտական ու բարձրագույն կրթությունը: Սա ՀՆԱ-ի 2.1 տոկոսն է, ինչը մեծ գումար չէ, սակայն սա է այսօր մեր բյուջեի հնարավորությունը: Բարձրագույն կրթության համար 11 մլրդ է տրամադրված, որից 9 մլրդը կոնկրետ ԿԳՆ իրավասությամբ ծախսվող գումարն է: Այն ծախսվում է վարձերի փոխհատուցման վրա, այսինքն՝ կրթաթոշակներ են տրամադրվում առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Ես համամիտ եմ, որ կրթության որակը մեր երկրում բարձր չէ, բայց նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին բարձրագույն կրթության մասին նոր օրենք կբերի ԱԺ, որը միտված է բուհական համակարգի տրամաբանությունը, կառավարման նրբություններն ամբողջությամբ փոխելուն: Նախագիծն առնչվում է ռեկտորների, դեկանների ընտրությանը և այլն: Եվրոպական կրթական չափորոշիչներ են որդեգրվելու: Իհարկե, մենք նաև խնդիր ունենք, որովհետև մեր բուհերը վարկանշային աղյուսակում բարձ դիրք չեն գրավում, բայց ունենք բուհեր, որոնք ճանաչվում են եվրոպական հանրության կողմից, դրանց դիպլոմները նույնպես:
- Ասացիք, որ Բարձրագույն կրթության վերաբերյալ մշակվող օրենքը կարգավորելու է ռեկտորների և դեկանների ընտրության հարցը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ օրենքը թույլ չի տա պրոռեկտորի պաշտոնում երիտհանրապետականների կամ մականունավորների տեսնել:
- Սա դեռ նախագիծ է, սակայն կառավարման նոր համակարգը, որը կառաջարկվի, կքննարկվի լայն հանրության կողմից, որոշ հարցեր կլուծի: Այստեղ լսումներ կլինեն և կարող են դիտարկումներ լինել օրենքի վերաբերյալ: Ես կարող եմ միայն հավաստիացնել, որ շատ ու շատ չլուծված հարցեր այս օրենքով կլուծվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։