Շնչառությունդ երեքով բռնել են, խեղդվում ես՝ վախից, տոթից ու կարոտից։
Տոթի դեմ պատուհանդ ես բացում, քամին վզովդ անցնում, հովացնում է մաշկդ։
Հանգստանում ես, փոքր ինչ։
Վախի դեմ ինքդ ես կանգնած՝ հաստատակամ, պատրաստ պայքարի։
Իսկ կարոտի դեմ թույլ ես, չունես փրկության ոչ մի գործիք։
***
Պատուհանս տենդի մեջ է։ Թրջում եմ լաթը, մոտեցնում ճակատին, սրբում եմ սենյակի տաքությունից երեսին կապած քրտինքը։ Հազում է, ճաք է տալիս։
***
Լռությանդ արագությունը սրտիս զարկն է։ Ութսուներեք հարված մեկ րոպեում։
***
Ներսիդ եղած չեղածը ամուր փաթաթում ես տաք շարֆի տակ, հագնում ես բաճկոնդ, անցյալիցդ դուրս ես գալիս զբոսանքի։
Քայլում ես, դանդաղ, թվում է մի բան այնպես չէ։ Ստուգում ես գրպաններդ, ոչինչ չես մոռացել։
Հասնում ես խաչմերուկին, մտածում ես՝ դուռը փակե՞լ եմ։ Ցանկանում ես ետ դառնալ, ստուգել։
Վերադառնում ես, ձեռքդ մեկնում կողպեքին, վստահ ես, որ չես փակել։ Պտտում ես, չի շարժվում։ Դուռը փակ է։
Անցյալումդ ապրող մեկը հեռանալուդ պես այն կողպել է։
***
Անկողնուս վրա փռում եմ անքնությունը, անքնության վրա փռվում եմ ես, ինձ վրա էլ աշխարհի ծանրությունն է՝ իմ աշխարհի քո ծանրությունը։
***
Քո հեքիաթի հերոսը դուրս եկավ չափից դուրս զբաղված մարդ։ Չտնկեց տուն, չշինեց որդի, չունեցավ ծառ։