Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատ արձակումը ոչ այնքան ճնշումների կամ հնարավոր սանկցիաների հետևանք է Արևմուտքի կողմից՝ ընդդեմ Ադրբեջանի, այլ ավելի շուտ պայմանավորված է վերջին ամիսներին բլոգերի հետ տեղի ունեցած իրադարձություններով։ Կարծես թե ոչ ոք չի նշում, որ ընդամենը երկու օր առաջ բլոգերն ինքնասպանության փորձ է արել, որը կանխել են բանտի աշխատակիցները։ Այս անգամ կանխել են, սակայն հաջորդ անգամ կարող էին և չկանխել, ուստի միակ բանը, որ կարող էին անել տվյալ պարագայում, մանավանդ որ մթնոլորտն էլ տրամադրող էր, բլոգերին ազատ արձակելն էր, իհարկե, նախագահ Իլհամ Ալիևի «ներման» շնորհիվ։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե հանկարծ պարզվեր, որ Լապշինն ինքնասպան է եղել։ Ադրբեջանի նկատմամբ իրենց վերաբերմունքը դեպի բացասական կփոխեին ոչ միայն Արևմուտքում, այլ Ռուսաստանում, Իսրայելում ու նույնիսկ Բելառուսում, որտեղից Լապշինը տեղի ուժայինների օգնությամբ հանձնվել էր Ադրբեջանին։
Ի՞նչ կարող է սրանից քաղել Հայաստանը։ Տեսականորեն, ինչ պետք է, արդեն քաղել է, սակայն կարևոր է նաև այն, թե ազատության մեջ ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Ալեքսանդր Լապշինը։ Արդյոք նա դիրքորոշումը կփոխվի՞ այն ամենից հետո, ինչ տեսավ Ադրբեջանում, թե՞ կմնա հաստատակամ ԼՂՀ անկախության ու ազատության հարցում իր որդեգրած նախկին քաղաքականության մեջ։ Դա մեծապես կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն նրա հետ հայ դիվանագետներն ու մասնագետները։