ՀՀ Օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց 6-րդ գումարման Ազգային Ժողովի 2-րդ նստաշրջանը: Գրանցվել էր 91 պատգամավոր , ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց՝ քվորում կա և նիստը մեկնարկեց:

Քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորները նստաշրջանի մեկնարկին ընդառաջ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնություններով: Առաջիկա քառօրյային ԱԺ-ում քննարկվելու են մի շարք նախագծեր և համաձայնագրեր:

Նիստի օրակարգը հաստատվեց  և ԱԺ-ն իր աշխատանքներն սկսեց ՀՀ և Մոլդովայի քաղաքացիների առանց մուտքի այցելությունները վավերացնելու մասին նախագծի քննարկմամբ:

Օրակարգում են նաև մի շարք նախագծեր, ինչպես օրինակ՝ հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին: 

Առաջարկվում է ներդնել հարևանային իրավունքի ներդրումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, որը կարգավորելու է հարևանային հարաբերությունների բնագավառում առկա բազմաթիվ վեճեր, խախտումներ և անորոշ իրավիճակներ: Նախագծով հստակեցվել է հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղների նկատմամբ սեփականության հարցը, հարևան տարածքից արմատների և ճյուղերի անցումը այլ հողամաս, սահմանվել են կարգավորումներ ջրօգտագործման կանոնների, հարևան հողամասերի վիճելի սահմանների և սահմանակից կառույցների ընդհանուր օգտագործման վերաբերյալ և այլն:

Օրակարգում է նաև  «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը: Ամենակարևորը, թերևս, այս դրույթն է. ճարտարապետը պարտավոր է  չկատարել կառուցապատողի (պատվիրատուի) նախագծային առաջադրանքի պահանջները, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, տարածական պլանավորման փաստաթղթերի կամ նախագծման թույլտվության պահանջներին կամ ելակետային տվյալներին. 

Առաջարկվում է նաև, որ մի շարք կազմակերպություններ ու ընկերություններ (ցանկը կորոշի կառավարությունը) 3 տարով ազատվեն ԱԱՀ-ից: 
Քննարկվելու է նաև  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը՝ մրցույթների չկայացման դեպքերի վերաբերյալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել