Բուժաշխատողները մեր երկրի առողջապահական համակարգի հիմնասյուներն են: Իրականացնելով ծանր և պատասխանատու աշխատանք, ունենալով օրենսդրությամբ ամրագրված բազմաթիվ պարտականություններ՝ բուժաշխատողները բախվում են նաև այնպիսի խնդիրների, որոնք որևէ առնչություն չունեն իրենց մասնագիտական առօրյայի հետ:
Մասնավորապես, բուժաշխատողներն իրենց մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում պարբերաբար ենթարկվում են բռնության, վիրավորանքի և այլն: Խնդրի համապարփակ լուծումը չի տալիս նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը: Քրեաիրավական պատասխանատվության համար անհրաժեշտ է պատճառահետևանքային կապի առկայությունը արարքի և դրա առաջացրած հետևանքի միջև: Բուժաշխատողների նկատմամբ իրականացվող գործողությունները շատ հաճախ դուրս են քրեաիրավական տիրույթից, սակայն նրանց նկատմամբ իրականացվող գործողությունները խոչընդոտում են իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը: Այդ գործողությունները նախաձեռնող անձանց պատասխանատվության համար, ըստ էության, մեր օրենսդրությունը նորմեր չի սահմանում: Կարծում ենք՝ մեր օրենսդրությամբ վերոգրյալ դրույթների ամրագրումը անհրաժեշտ խթան կհանդիսանա մեր հասարակությունում ձևավորված արատավոր երևույթի նվազեցման, կանխարգելման և իսպառ վերացման ուղղությամբ: